Մոլեգին ուժով և սիրով կապվել եմ երաժշտության հետ․ Տիգրան Մանսուրյանը նշում է 84-ամյակը
copy image url

Մոլեգին ուժով և սիրով կապվել եմ երաժշտության հետ․ Տիգրան Մանսուրյանը նշում է 84-ամյակը

Ներքին 2 տարի առաջ - 13:31 27-01-2023
Հունվարի 27-ին, ծննդյան 84-ամյակն է նշում անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։ Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում։ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։

«Նախանձելի օր եմ ծնվել` հունվարի 27-ին, Մոցարտի ծննդյան օրը: Ծնողներս 1915 թվականի արդյունքում որբանոցում հայտնված որբեր են, որոնք, սակայն, հավատարիմ են եղել հայոց լեզվին ու պատմությանը: Իմ մանկության վրա մեծ ազդեցություն է թողել ֆրանսիական կաթոլիկ դպրոցն ու Միջերկրական ծովը»,-տարիներ առաջ լրագրողների հետ հանդիպումներից մեկի շրջանակում պատմել է մաեստրոն։



Նա գեղարվեստական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները։
«Ամեն ինչ ինքնուրույն եմ արել: Չեմ ունեցել ոչ ուսուցիչ, ոչ քննադատող, ոչ էլ` գովերգող: Իմ սերն է եղել դեպի երաժշտությունը, եւ ուրիշ ոչ մի բան: Արանքում ոչինչ չի եղել: Մոլեգին ուժով եւ սիրով կապվել եմ երաժշտության հետ»,- ասել է Մանսուրյանը:

Մանսուրյանը 1956-1960 թվականներին կոմպոզիցիա է սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա 1960-1965 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։



1967 թվականին ավարտելով ասպիրանտուրան՝ Մանսուրյանը սկսել է երաժշտություն գրել ֆիլմերի համար: Նրա ստեղծագործությունները հնչում են «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք մեր սարերը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» եւ այլ հայտնի ֆիլմերում։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։



Չնայած հաջողություններին՝ մաեստրոն տարիներ անց նշել է՝ ինքն իր հետ անդադար պայքարի մեջ է․

«Երաժշտության ճանապարհ մտնելու սկզբից մինչ այսօր տևական մի մեծ կռիվ կա կայացման։ Այդ պահը, որ պետք է վերջապես տոնեմ իմ հաղթանակը, դեռևս չկա»։

Կոմպոզիտորը մինչ օրս շարունակում է համալրել հայկական երաժշտաարվեստն իր ստեղծագործություններով․ նրա համար առաջնային է պահպանել հայկական երաժշտության արմատներն ու պայքարել անորակ ելևէջների դեմ։








Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում