Ադրբեջանը չի հրավիրվել Բրյուսել՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին մասնակցելու համար։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Բելգիայում Ադրբեջանի դեսպան, Եվրամիությունում Ադրբեջանի առաքելության ղեկավար Վագիֆ Սադիկովը։
«Ինչպես միշտ, Ադրբեջանը հրավիրված չէ։ Ես սիրում եմ Եվրախորհրդարանի «հավասարությունը» գործողության ժամանակ։ Եվրախորհրդարանը նույնիսկ ժամանակ չի կորցնում թաքցնելու իր նախապաշարմունքը Ադրբեջանի հանդեպ»,- գրել է Սադիկովը։
Նա նաև առաջարկել է դիտարկել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի միջև հարաբերությունների սառեցման տարբերակը մինչև ներկայիս նախագահի փոփոխությունը։ «2024-ը կարող է օգնել։ Ի վերջո, ո՞րն է կոռումպացված Եվրախորհրդարանի հետ նման «համագործակցության» օգուտը»,- ասել է նա։
Հատկանշական է, որ Հայաստանը հրավեր է ստացել Եվրախորհրդարանից։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն Բրյուսելում է, որտեղ ելույթ կունենա Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում և կներկայացնի Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ։
Հայտնի է նաև, որ այսօրվա հանդիպմանը ԵՄ երկրների արտգործնախարարները կորոշեն դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։