Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կտրականապես դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնմանը։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը։
Զուրաբիշվիլին հայտնել է, որ իր համար նման դիրքորոշումը «մեղմ ասած, անհասկանալի է» գործընկեր երկրների՝ Ուկրաինային համերաշխություն հայտնելու ֆոնին։ «Եթե ինչ-որ բան հիշում եք Ռուսաստանի հնագույն հնարքների մասին, ապա պետք է հասկանաք, որ Կրեմլը նման թեմաներ է նետելու՝ հույս ունենալով ինչ-որ պառակտում ստեղծել մեր և մեր արևմտյան գործընկերների միջև։ Սա չի կարելի թույլ տալ»,- ասել է Վրաստանի նախագահը։
Անդրադառնալով Ռուսաստանում բնակվող վրացական համայնքին՝ Զուրաբիշվիլին նշել է, որ Թբիլիսին երկար ժամանակ և ապարդյուն փորձում է հասնել Վրաստանի բնիկներին վրացական քաղաքացիության վերականգնման չափանիշների մեղմացմանը։ Նրա խոսքով՝ սա հենց այն հարցն է, որն ավելի շատ է անհանգստացնում Ռուսաստանում և այլ երկրներում բնակվող վրացիներին։
Զուրաբիշվիլին միևնույն ժամանակ կոչ է արել Վրաստանի իշխանություններին լրջորեն ուսումնասիրել Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային մուտքի հարցը Վրաստանի տարածք։ Նա կարևորել է, որ ընդունվեն կարգավորող ակտեր, որպեսզի հասարակությունը զգա, որ երկրի ազգային շահերն ու անվտանգությունը պաշտպանված են։ «Թռիչքները վերսկսելու փոխարեն կառավարությունը պետք է հոգ տանի երկրի հեղինակության մասին և կտրականապես անդրադառնա պատժամիջոցները շրջանցելու մեղադրանքներին»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նշվում է, որ ավելի վաղ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտնել էր, որ Ռուսաստանի հետ թռիչքների վերականգնումը լավ որոշում կլիներ այդ երկրի տարածքում ապրող վրացիների համար։