Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել 4 դատավորի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու առաջարկություն ներկայացնելու մասին:
Խնդիրը, սակայն, ոչ թե այս շարքային որոշումն է, այլ այն, որ 4 դատավորն էլ քրեական մասնագիտացմամբ են, 4 դատավորն էլ Շիրակի դատարանից: Նրանք են՝ Ռոման Սմբատյան, Տիգրան Ոսկանյան, Էդուարդ Մկրտչյան, Արամայիս Ասատրյան:
Նրանք բոլորը դատավոր էին դարձել 2022թ ապրիլին, Տիգրան Ոսկանյանը՝ մի քանի ամիս շուտ՝ հունվարին:
Սա նշանակում է, որ այս դատավորների վարույթներում առկա գործերով պետք է սկսվի նոր քննություն, փաստացի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մնում է առանց քրեական մասնագիտությամբ դատավորների: Հետաքրքիր է՝ ԲԴԽ-ում մտածել են այս հետեւանքների մասին, թե առանձնակի չեն ծանրաբեռնել իրենց: