Պոլսո Հայոց պատրիարքարանը պոլսահայ համայնքի անդամ Լևոն Գագաչյանին բանադրելու (եկեղեցու շարքերից հեռացնել-խմբ) վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։ Ինչպես փոխանցում է թուրքական Հյուրիեթ պարբերականը, Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած հոգևոր ժողովի ժամանակ Լևոն Գագաչյանին մեկ շաբաթ ժամանակ է տրվել, ով անհիմն պնդումներ էր արել պատրիարքի և հոգևորականների հասցեին։
Հաղորդվում է, որ Գագաչյանը չի ապաշխարհել և այդ պատճառով հեռացվել է եկեղեցու շարքերից։
«Բանադրված անձը չի կարող օգտվել եկեղեցական որևէ ծառայությունից, և հանգուցյալը չի կարող թաղվել եկեղեցական կարգի համաձայն։ Նման անձը կամ անձինք չեն կարող մասնակցել Տիրոջ ընթրիքի արարողությանն ու ստանալ սուրբ հաղորդություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ պատրիարքարանը տեղեկացրել է, որ բանադրումը կարող է չեղարկվել, եթե տվյալ անձը կամ անձինք գիտակցեն իրենց սխալները, անկեղծորեն ապաշխարհեն և ներում խնդրեն եկեղեցու առաջնորդներից և ժողովի անդամներից։
«Որպեսզի դա տեղի ունենա, բոլոր բարենպաստ պայմանները պետք է հասունանան միասին։ Եկեղեցու ներսում և իր հայեցողությամբ, ապաշխարության և վերադարձի դուռը բոլոր ժամանակներում լայն բաց է բոլորի համար»,- հայտնել է պատրիարքարանը:
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է
Oragir.News-ը, Պոսլո Հայոց պատրիարքարան բանադրել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչ Լևոն Գագաչյանին, ինչը պոլսահայ համայքնում սկանդալ էր հասունացրել։