Աշխարհի հայտնի հայերը կոչ են անում օգնել արցախահայությանն ու պայքարել Ադրբեջանի բռնապետի դեմ
copy image url

Աշխարհի հայտնի հայերը կոչ են անում օգնել արցախահայությանն ու պայքարել Ադրբեջանի բռնապետի դեմ

Ներքին 2 տարի առաջ - 16:29 14-01-2023
Ադրբեջանցի բնապահպաններ ներկայացող մարդկանց մեծաքանակ խմբի կողմից մեկ ամսից ավելի փակված է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ու կարևորագույն ճանապարհը:

Արցախում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնում են ինչպես հասարակ քաղաքացիներ, այդպես էլ հայտնի դեմքեր՝ մշակութային, գիտական, քաղաքական և այլ ոլորտներից։ Նրանք կոչ են անում չլռել ու անընդհատ տարբեր հարթակներում ներկայացնել Արցախում ավելի քան 1 ամիս տևող շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի մասին։

Այդպիսի կոչով նախօրեին հանդես էր եկել արցախցի երգիչ Անդրեն՝ ֆեյսբուքյան գրառմամբ։ Նա դիմել էր աշխարհում մեծ ճանաչում ու լսարան ունեցող հայտնի հայերին։ Խնդրանք ուղղել նրանց՝ անընդհատ խոսելու ու չլռելու։

«Հենրիխ Մխիթարյան, Արթուր Աբրահամ, Լեւոն Արոնյան, Ռազմիկ Ամյան․ տղերք ջան, բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, տարածեք ձեր էջերում, խնդրում եմ խոսեք, մի լռեք: Սիրելի՛ հետևորդներ ջան, մեկնաբանություններում նշեք բոլոր հայ հայտիներին, թող միանան»,- գրել էր երգիչը։

Անդրեն հաջորդ հրապարակման մեջ գրել է հետևյալը. «Բոլորը լայն փակված աչքերով» դիտում են խորտակվող նավին: Հայաստան-Արցախ-Սփյուռք, ոտքի, հայե՛ր ջան: Միացեք հայեր»։

Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակին, տևական ժամանակ է անդրադառնում է նաև ամերիկահայ, System of a down խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը։ Նա իր օգտահաշիվներում տարածում է լուսանկարներ Արցախի դատարկված մթերային խանութներից, հանաշխարհային լրատվամիջոցների անդրադարձը՝ Արցախում տեղի ունեցող իրադարձություններից։

Նշենք, որ Թանկյանն իր ֆեյսբուքյան հարթակում ունի շուրջ 2 միլիոն հետևորդ։ Նրա գրառումներին արձագանքում են ինչպես հայեր, այնպես էլ այլազգի հետևորդներ։

Instagram-ի, Facebook-ի և Twitter-ի իր էջերում աշխարհահռչակ երաժիշտը կոչ է արել բոլորին իրենց սոցիալական էջերում տարածել Արցախի դրոշը՝ ի նշան արցախահայերի աջակցության, որոնք «Ադրբեջանի բռնապետի կողմից անօրինական շրջափակման պատճառով հայտնվել են հումանիտար աղետի շեմին»:

«Մինչ Ադրբեջանի կողմից ցեղասպանական շրջափակումը շարունակվում է, Արցախի հայկական հանրապետությունը և նրա քաղաքացիները զրկված են առաջին անհրաժեշտության պարագաներից և պարենից: Տարածե՛ք այս դրոշը՝ ի աջակցություն Արցախի: Ալիևը և Ադրբեջանի կառավարությունը չեն ցանկանում, որ գոյություն ունենան այս դրոշը և այն ներկայացնող մարդիկ, այնպես որ, տարածե՛ք այն: Տարածե՛ք իրազեկություն, կրթե՛ք, կազմակերպե՛ք և համախմբվե՛ք՝ հանուն Արցախի: Գործողություննե՛ր ձեռնարկեք Ալիևի՝ էթնիկ զտման վերջին ջանքերի դեմ», - նշված է գրառման մեջ:

Արցախի աղետալի վիճակին էր անդրադարձել նաև Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հորդորել էր բոլորին՝ իրենց ուժերի ներածին չափով, օգնել Արցախին՝ տարածելով ուղերձը և գտնելով ուղիներ՝ օգնելու մեծ կարիքի մեջ գտնվող մարդկանց։

«Մինչ մենք նայում ենք տարբեր կազմակերպությունների՝ ադրբեջանցի պաշտոնյաների այս սադրիչ գործողությունները դատապարտելուն, ժամանակն անցնում է, երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ, հիվանդանոցները պայքար են մղում պաշարների նվազման հետ, իսկ սննդի պակասը մոտ է»,-գրել էր Արոնյանը։