Ամերիկացի կոնգրեսականն անընդունելի է համարել Բերձորի միջանցքի շրջափակումը
copy image url

Ամերիկացի կոնգրեսականն անընդունելի է համարել Բերձորի միջանցքի շրջափակումը

Արտաքին 2 տարի առաջ - 15:10 13-01-2023
Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամ Լինդա Սանչեսն անընդունելի է որակել Արցախը Հայաստանին և ողջ արտաքին աշխարհին կապող Բերձորի միջանցքի շրջափակումը։ Այս մասին կոնգրեսականը գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

Կոնգրեսականը շեշտել է, որ դեկտեմբերից ի վեր Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց սննդի, բժշկական օգնության և առաջին անհրաժեշտության այլ պարագաների։

Վերջինս միևնույն ժամանակ կոչ է արել անհապաղ բացել միջանցքը։

«Այս գործողությունները անմարդկային են և անընդունելի։ Ես միանում եմ իմ գործընկերներին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել շրջափակումը»,- իր թվիթերյան էջում գրել է Սանչեսը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան-ակտիվիստները», որոնց շարքում կան նաև Ադրբեջանի զինված ուժերի և հատուկ ծառայությունների բազմաթիվ ներկայացուցիչներ Շուշի-Ստեփանակերտ հատվածում փակել են Բերձորի միջանցքը և փաստացի շրջափակել Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը։