Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Լաչինի ճանապարհն օգտագործվում է այսպես կոչված «ապօրինի գործողությունների և ականների սպառնալիքի շարունակման համար»։
Ինչպես փոխանցում է ադրբեջանական Minval.az լրատվականը, Բայրամովն այս մասին ասել է Սաուդյան Արաբիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության հետ կայացած հանդիպման ընթացքում։
Բայրամովը հանդիպման ժամանակ անդրադարձել է «ադրբեջանցի ակտիվիստների» կողմից Լաչինի ճանապարհին իրականացվող ակցիայի պատճառներին։ Նա սաուդական պատվիրակությանը տեղեկություններ է հաղորդել նախորդ երկու տարվա ընթացքում «Հայաստանի բազմաթիվ սադրանքների, հայկական զինված ուժերի ոչ ամբողջական դուրսբերման, ճանապարհն ապօրինի օգտագործելու և ականային սպառնալիքները շարունակելու մասին»։
Ադրբեջանի արտգործնախարարը սաուդական պատվիրակության ղեկավար Ֆայեզ բեն Աբդուլլահ Ալ-Շահրիին տեղեկություններ է հայտնել «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիվ քաղաքականության, ինչպես նաև 30-ամյա օկուպացիայի վերաբերյալ»։
Կողմերը գոհունակություն են հայտնել, որ Սաուդյան Արաբիայի 30 տարիների ընթացքում աջակցել է Ադրբեջանին։ Բացի այդ սաուդական պատվիրակությանը տեղեկություններ է հաղորդվել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի ու նախաձեռնությունների, ինչպես նաև Արցախի օկուպացված տարածքներում ընթացող վերականգնողական և շինարարական աշխատանքների և նախագծերի մասին։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան Հայաստանի անկախության վերականգնումից հետո հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, քանի որ Արցախյան հակամարտության շրջանակներում աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը։