Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Մակեևկայում 63 ռուս զինծառայող է զոհվել
copy image url

Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Մակեևկայում 63 ռուս զինծառայող է զոհվել

Արտաքին 2 տարի առաջ - 11:30 03-01-2023
Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մակեևկա բնակավայրում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի ժամանակավոր տեղակայման վայրին։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ հարվածի հետևանքով զոհվել է 63 ռուս զինծառայող: Ռուսական կողմը հայտնել է, որ ուկրաինական ուժերը ամերիկյան արտադրության HIMARS համակարգերից 6 ռեակտիվ արկ են արձակել Մակեևկայի ուղղությամբ, որոնցից 2-ը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից:

Մակեևկային հարվածը հասցվել է ամանորյա գիշերը: Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է, որ հարվածի հետևանքով ոչնչացվել է մինչև 10 միավոր տեխնիկա, սակայն զոհերի թվի մասին տեղեկություններ չի հաղորդել: Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈՒ ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը հաղորդել էր, որ զոհվել է 400 ռուսաստանցի զինծառայող, ևս 300-ը վիրավորվել է:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները ռուսական ԶԼՄ-ներին հայտնել են, որ հարվածի պատճառ է դարձել «զինծառայողների կողմից բջջային կապի ակտիվ օգտագործումը»:

ТАСС գործակալությունը հաղորդում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 80 անգամ գնդակոծել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը: Կրակի տակ են հայտնվել 7 բնակավայրեր: Վնասվել է 15 տուն, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքի 5 օբյեկտ: 1 խաղաղ բնակիչ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում հաղորդել է, որ 2023 թ.-ի երկու օրերի ընթացքում ուկրաինական կողմը խոցել է 80-ից ավելի իրանական կամիկաձե-դրոն:
Ուկրաինական կողմը հաղորդում է նաև, որ ռուսական ուժերը հարվածել են Դոնբասի Կրամատորսկի շրջանի Դրուժովկա քաղաքին, որը գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ: Երկու մարդ վիրավորվել է:

Ամենից շատ դիտված