Ինչքան Հայաստանը պատրաստակամ լինի զիջել, այնքան Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնելու․ ադրբեջանագետ
copy image url

Ինչքան Հայաստանը պատրաստակամ լինի զիջել, այնքան Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնելու․ ադրբեջանագետ

Ներքին 2 տարի առաջ - 18:28 28-12-2022
«Կարևորը ոչ թե Բայրամովի ու Ադրբեջանի ճաշակն ու ցանկություններն են, այլ Հայաստանի պատրաստակամությունը՝ հաճոյացնելու ու բավարարելու ադրբեջանական կողմի ցանկությունները։ Սա է խնդիրը»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնաով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե սահմանազատման արդյունքում Հայաստանն Ադրբեջանին պետք է «վերադարձնի» անկլավային 8 գյուղ։

«Ուզողին տվող է պետք։ Բայրամովը կարող է ամբողջ Հայաստանն ուզել՝ Երևանն ու Սևանը ներառյալ։ Կարևորն այն է, թե որքանով է Հայաստանը պատրաստակամ՝ պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը և ադրբեջանական ահաբեկչության դեմն առնելու։ Ինչքան Հայաստանը պատրաստակամ լինի զիջել, այնքան Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնելու։ Դա նրանց անթաքույց գործելաոճն է, և նրանք միշտ ասել են, որ զավթելու են ոչ միայն Արցախը, Սյունիքը, անկլավները, այև հասնելու են մինչև Երևան։ Սա ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ»,- ասաց ադրբեջանագետը։

Այս առումով, Ադիբեկյանը կարևորեց այս հարցերը Հայաստանի ներկա իշխանություններին ուղղելու փաստը՝ հասկանալու համար, թե նրանք որքանով են պատրաստակամ դադարել զիջել Ադրբեջանին՝ այդ երկրի ցանկությունների հարցում։

Անդրադարձավ հայկական կողմին ուղղված ադրբեջանական մեղադրանքներին՝ սահմանային հատվածներում սադրանքներ իրականացնելու մեջ։

«Սահմանային հատվածում լարվածությունը երբեք չի դադարել։ Իսկ զորավարժությունները պատրաստություն են՝ ապագա պատերազմին։ Մարդիկ անթաքույց մարզում են իրենց զինվորներին՝ հարձակման։ Եթե ուշադիր լինեք նրանց զորավարժությունների բնույթին, լեռնային պայմաններում հատուկջոկատայինները ծանոթանում են իրավիճակին, մարտեր են վարում։ Սա վկայություն է, որ մարդիկ ուզում են ներխուժել Հայաստանի տարածք և զավթել շատ ավելի մեծ տարածքներ ու Հայաստանն ամբողջությամբ։ Իսկ ի՞նչ է այդ մասին մտածում ՀՀ ՊՆ-ն, որն այս 4 տարվա ընթացքում որևէ զորավարժություն չի կատարել, զենք չի գնել, չի ամրապնդել մեր սահմանները, չի կահավորել մեր զինակետերը, և ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում հակադարձել պոտենցիալ ագրեսիային։ Իսկ պատերազմը լինելու է։ Որովհետև ՀՀ իշխանությունների «շնորհիվ» Հայաստանը գտնվում է այնպիսի վիճակում, որ ի վիճակի չէ պաշտպանել իր սեփական հողն ու տարածքները»,- ասաց նա։

Անդրադառնալով եռակողմ ձևաչափով վերջին երկու հանդիպումների չկայացման վերաբերյալ հարցին, Ադրբեկյանն ասաց, որ որևէ մեկը չգիտի, թե իրականում ինչ է քննարկվել կողմերի միջև։

«Մեզ տեղի ունեցած հանդիպումներից հասել են ընդամենը հերթապահ հայտարարություններ, որ պատրաստ են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, որ պետք է պատրաստել «խաղաղության պայմանագիրը» և այլն։ Բայց թե ինչ պայմանների ներքո և ինչի դիմաց ինչ է տեղի ունենալու, մենք տեղյակ չենք։ ՄԵնք գիտենք միայն այն, որ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը խոստացել է տրամադրել «միջանցք»։ Միջանցքը ճանապարհ չէ։ Շատերն ինչ-որ թյուր պատկերացում ունեն, ասում են՝ դե ճամփա է, տվեք։ Միջանցք նշանակում է Ադրբեջանից դուրս եկավ ու մտավ Նախիջևան։ Այդ «ճանապարհը» հատել մենք՝ ՀՀ քաղաքացիերս, իրավունք չունենք՝ առանց Ադրբեջանի կամ Թուրքիայի թույլատվության։ Այսինքն, Ադրբեջանն է որոշելու՝ դու կարաս, ասենք, Երևանից գնալ Մեղրի՞, թե՞ ոչ։ Երկրորդ, միջանցքը նախատեսում է 5-10 կմ-անոց դեմիլիտարիզացված շրջան։ Այսինքն, մինչև այդ տարածքն արդեն կանգնած են լինելու զինվորներ։ Այն, ինչ նախատեսված էր Բերձորի ճանապարհի համար, որովհետև Բեձորը պետք է լիներ միջանցք՝ դեմիլիտարիզացված գոտիով, որն Ադրբեջանը չպահպանեց։ Հիմա մենք ունենք էկոտեռորիստներ, որոնք այսօր փակել են Արցախի ելումուտը։ Նույն բանն էլ լինելու է Հայաստանի տարածքում։ Մի գեղեցիկ օր էլ շների պաշտպանները կգան, կփակեն այդ միջանցքն ու մենք չենք կարողանա կա հաստատել ՄԵղրիի, Գորիսի, Կապանի և Հայաստանի հարավային հատվածների մնացած բոլոր բնակավայրերի հետ։ Այդ պահից էլ կսկսի Սյունիքի օտարումը՝ լեգիտիմ հիմունքներով։ Եվ ես չգիտեմ, թե Փաշինյանն ինչ է պայմանավորվել փակ դռների հետևում, և ինչ են հասկանում «միջանցք» բառի տակ։ Այսինքն, թե ինչ են հասկանում ադրբեջանցիները՝ գիտեմ, բայց ես չգիտեմ՝ ինչ է հասկանում Նիկոլը։ Այդ բոլոր հարցերի պատասխաններն ստանալու համար դրանք պետք է ուղղել պետական այրերին»,- ասաց փորձագետը։