Տպավորություն է, որ Արցախում առկա իրավիճակից Աննա Հակոբյանն ուրախացել է։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան վերջին գրառմանը։
«Ինքն ուրախությունից ցնծում է ու փորձում է երկու տարվա իր արած ոչ հայանպաստ գործունեությունը։ Չհասկանալով արցախահայության ապրումներն այդ օրերին՝ փորձում է հիմա՝ արդեն երկու տարի անց, արդարացնել իր արածը։
Կարելի է ասել՝ ցնծում է ուրախությունից, որ այսօր այս վիճակն է։ Որ մեր երեխաները տարբեր գրառումներով պահանջում են միջազգային հանրությունից, ի դեպ, այդ պահանջն ուղղված է նաև հենց Աննա Հակոբյանի ընտանիքին՝ որոնց գործունեության արդյունքում էլ Արցախը հայտնվել է այս վիճակում։ Այս երեխաների, այսօրվա, ինչպես ինքն է բնորոշում, «սրտաճմլիկ» հայտարարությունների ու կոչերի ֆոնին նա ուրախանում է, որ Արցախն այս վիճակում է։ Փորձում է դրանով ինչ-որ ձևով արդարացնել ինքն իրեն»,- ասաց նա։
Գալստյանը մանրամասն հիշեց նաև 2 տարի առաջ Արցախյան պատերազմի անմիջապես հետո Աննա Հակոբյանի գործունեությունը՝ ասես ոչինչ էլ չէր եղել։ «Երբ 2020 թվականին Արցախում միայն ու միայն փնտրտուքների մեջ էին իրենց անհետ կորած զավակների՝ նա այդ ֆոնի վրա փորձում էր ինչ-որ ուրախություն կազմակերպել, որոնք համահունչ չէին այդ օրերին։
Իսկ այսօր, երբ երեխաները զրկված են իրենց ծնողին տեսնելու հնարավորությունից, մի մասը Հայաստանում է, մյուսը՝ Արցախում, այս ընտանիքները չեն կարողանում միավորվել՝ նա այս փաստն օգտագործում է, ցնծում, ի լուր աշխարհի ասում է, որ «տեսեք, ես էլ էի երեխաների մասին մտածում»։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Աննա Հակոբյանն իրականում մտածում է իր ու իր ընտանիքի իշխանությունը պահելու մասին»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ Աննա Հակոբյանն իր այս վարքով փորձում է տիրող իրավիճակի մեղքը բարդել արցախցիների վրա։ «Ուզում է ասել, որ արցախցիներն են մեղավոր։ Այն քաղաքականությունը, որն այսօր որդեգրել է Հայաստանի իշխանությունն ու իշխանական ընտանիքը՝ ոչ այլինչ է, քան հայ ազգի պառակտում»,- եզրափակեց պատգամավորը։