Հայաստանի Հանրապետությունն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի կարողանանք օգտագործել բոլոր այն հնարավոր գործիքները, որոնք առկա են, որպեսզի Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին, այսինքն՝ աշխատի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, որտեղ հստակ նշված է, որ ԼՂ-ի կապը ՀՀ-ի հետ իրականացվում է Լաչինի միջանցքով, իրականացվում է անխոչընդոտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Տեղյակ եք, որ նախօրեին տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որում քննարկվել է հարցը, հասցեական կոչեր են եղել, պետք է շարունակել աշխատել այս ուղղությամբ։ Ե՛վ Հայաստանի ՀԿ-ները, և՛ հայկական այլ կազմակերպություններ և միջազգային տարբեր կառույցներ կոչեր են հնչեցրել, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի: Շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի։ Լաչինի միջանցքի մասով այս պահին Հայաստանն աշխատում է միջազգային հանրության հետ»,- ասաց նա։
«Հենց այս պահին ԱԳՆ-ն աշխատում է, և բոլոր այն կառուցակարգային, ինստիտուցիոնալ հնարավորությունները, որը տալիս է ՄԱԿ-ն իր Անվտանգության խորհրդի կառույցի շրջանակներում, փորձում ենք բոլոր հնարավոր միջոցներով աշխատանքներ կատարել: Եթե կլինեն արդյունքներ, դրանք կհրապարակվեն»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանը նաև նշեց, որ իրավիճակը վտանգավոր է, քանի որ 120 հազար հայ այս պահին գտնվում է շրջափակման մեջ․ «Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ դա կլինի ՄԱԿ-ը թե ԵԱՀԿ-ն, թե ԵԱՀԿ ՄԽ-ն, առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որպեսզի կարողանանք հանգուցալուծել այս իրավիճակը։ Իրավիճակը վտանգավոր է նաև այն տեսանկյունից, որ 120 հազար հայ Արցախում գտնվում է շրջափակման մեջ և հումանիտար ճգնաժամի առջև է կանգնած»:
ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ, ապակառուցողական դերը տարածաշրջանում։
«Երբ խաղաղության բանակցություններ են ընթանում, Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը, այսպես կոչված, բնապահպանների միջոցով։ Ես չգիտեմ՝ «բնապահպանների» մեջ գեներալի, կապիտանի պաշտոնով մարդիկ կա՞ն, թե՞ չէ: Բայց, այն, որ այդ մարդիկ Ադրբեջանի պաշտպանության կառույցների ներկայացուցիչներ են, միանշանակ է: Այս առումով Ադրբեջանի իշխանությունն է այդ շրջափակումը կազմակերպել, այդ քայլը որևէ քաղաքացիական նախաձեռնության հետ կապ չունի: Իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային»,- ասաց Գրիգորյանը։