ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում ցանկացած տեսակի ռազմական գործողություն այդ տարածաշրջանում կվատթարացնի մարդասիրական իրավիճակը։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Իրավանին ասել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է վերջ տալ օտարերկրյա ներկայությանը։
Իրավանին շեշտել է, որ օկուպացիայի ավարտը և Սիրիայի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի ամբողջական վերականգնումը կնպաստի երկրում ստեղծված ճգնաժամի լուծմանը։ Նա զգուշացրել է, որ ահաբեկչության դեմ պատերազմը չպետք է վերածվի Սիրիայի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության թուլացմանը, ինչպես նաև պատրվակի՝ արաբական երկրի բնական ռեսուրսները հափշտակելու համար։
Իրանցի դիվանագետը նաև զգուշացրել է, որ Սիրիայի հյուսիսում ցանկացած տեսակի ռազմական գործողություն կվատթարացնի հումանիտար իրավիճակը այդ տարածաշրջանում՝ հավելելով, որ օտար ուժերի անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայի որոշ հատվածներում իդեալական պայմաններ է ստեղծել ահաբեկչական գործողությունների համար։ «Այսպիսով, գետնի վրա դրված օտար կոշիկները պետք է հեռանան»,- ասել է նա։
Վերջինս նշել է, որ Իրանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի և նրա օգնության կազմակերպությունների ջանքերը՝ օգնություն տրամադրելու ծայրահեղ կարիքի մեջ գտնվող մարդկանց։ Նրա խոսքով՝ չնայած ջանքերին, հումանիտար իրավիճակը Սիրիայում դեռևս ծանր է, և դա երկարացնում է երկրում տնտեսական խնդիրների լուծումը։
«Այսպիսով, անհրաժեշտ են ակնթարթային ջանքեր՝ սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու, ինչպես նաև այնպիսի հիմնական ծառայություններից օգտվելու համար, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, սննդի անվտանգությունը և էլեկտրականությունը»,- հավելել է նա:
Վերջինս վերահաստատել է, որ Իսլամական Հանրապետությունը աջակցում է այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են տեղական և ազգային հաշտեցումը, ինչպես նաև փախստականների վերադարձը իրենց հայրենիք։ Իրվանին եզրափակել է, որ Թեհրանը կարծում է, որ կայուն և անվտանգ Սիրիան շահավետ կլինի սիրիացի ժողովրդի, տարածաշրջանի և միջազգային հանրության համար։