Քենիան կոչ է արել վերականգնել տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը Լաչինի միջանցքում
copy image url

Քենիան կոչ է արել վերականգնել տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը Լաչինի միջանցքում

Արտաքին 2 տարի առաջ - 16:20 21-12-2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Քենիայի ներկայացուցիչ Ջեյն Տորոիտիչը հայտարարել է, որ Քենիան խորապես մտահոգված է այն տեղեկություններով, որոնք ստացվել են Լաչինի միջանցքի արգելափակման շարունակման վերաբերյալ։

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Տորոիտիչը կողմերին կոչ է արել նվազեցնել առկա լարվածությունը և համագործակցել՝ նախկինում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը ապահովելու համար։

Քենիայի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ կողմերը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն և զերծ մնան որևէ գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը։ «Նրանք պետք է մասնավորապես զերծ մնան ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության տարածումից, այդ թվում՝ սոցիալական ցանցերում։ Դա կարող է խուճապ սերմանել բնակչության շրջանում՝ խաթարելով փոխըմբռնումը և խաղաղությունը»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ որևէ հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում, սակայն վեճերի խաղաղ լուծման համար առկա գործիքների կիրառությունը, ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված գործիքների կիրառությունը, այդ թվում՝ խորհրդակցությունները և բանակցությունները, լավագույն հնարավորությունն են ստեղծում տևական և կայուն արդյունքի հասնելու համար։

«Ուստի մենք կոչ ենք անում շահագրգիռ կողմերին շարունակել աշխատել երկու կողմերի հետ՝ գտնելու հակամարտության համապարփակ և տևական լուծում և կարգավորելու հարաբերությունները՝ հիմնվելով երկու կողմերի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու հարգման սկզբունքների վրա՝ իրենց սահմաններով»,- նշել է Քենիայի ներկայացուցիչը։

Վերջինս շեշտել է, որ երկխոսությունը պետք է ընդունել՝ որպես հակամարտության լուծման առաջնային և ամենակենսունակ ճանապարհը։ Նրա խոսքով՝՝ երկու երկրները պետք է բարեխղճորեն աշխատեն՝ քաղաքական կամք և վճռականություն ցուցաբերելով։

Նա եզրափակել է, որ նման համագործակցությունն իր հերթին կբերի շոշափելի արդյունքներ, որոնք շահեկան կլինեն երկու երկրների համար։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի