Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը կանգնած է Ռուսաստանից զանգվածային միգրացիայի մարտահրավերի առաջ, և հյուրընկալությունը չպետք է հիմարության վերածվի։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, Զուրաբիշվիլին այս մասին ասել է տարեմուտի կապակցությամբ Վրաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ:
«Սա մարտահրավեր է, որն ինչ-որ կերպ հնարավորություն է, քանի որ ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ է նշանակում վրացական հանդուրժողականությունն և հյուրընկալությունն, բայց հյուրընկալությունը չպետք է հիմարություն լինի», - ասել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահը շեշտել է, որ սահմանը բաց պահելը ընդունելի է՝ հատկապես վրացական ծագում ունեցող ռուսաստանցիների համար, բայց միևնույն ժամանակ պետք է լինեն համապատասխան կանոնակարգեր՝ ապագայում անցանկալի մտադրություններից խուսափելու համար»։
Զուրաբիշվիլին հայտնել է, որ օկուպացիայի խնդիրը Վրաստանի համար սուր է, և Ռուսաստանը մշտապես փորձում է իր կամքը պարտադրել իր հարեւաններին։ Նրա խոսքով՝ երբ խոսքը գնում է Ռուսաստանի հետ բանակցությունների մասին, «պետք է հստակ սահմանվի, որ օկուպացիան այլևս անընդունելի է եվրոպական մայրցամաքում»։
«Իհարկե, կգա բանակցությունների ժամանակը, և այժմ դա միայն ուկրաինացի ժողովրդի ձեռքում է»,- ասել է Զուրաբիշվիլին։