Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության
copy image url

Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության

Արտաքին 2 տարի առաջ - 18:33 14-12-2022
Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Թեհրանը Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն վտանգավոր է համարում և դեմ է դրան։ Այս մասին Ջալալին ասել է ռուսական «News.ru» լրատվականին տված հարցազրույցում։

Քազեմ Ջալալին ընդգծել է, որ Թեհարանը լիովին աջակցում է Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը։ «Ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն այս տարածաշրջանում մենք վտանգավոր ենք համարում և դեմ ենք դրան։ Մենք երկխոսությունը, փոխգործակցությունը և բանակցությունները համարում ենք հակամարտությունների կարգավորման լավագույն միջոցը»,- ասել է նա։

Նա նշել է, որ Թեհրանը «3+3» ձևաչափը Հարավային Կովկասի համար շատ հաջող հարթակ է համարում և ակտիվ մասնակցություն է ունեցել ձևաչափի առաջին հանդիպմանը։ Իրանցի դիվանագետի խոսքով՝ Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության հարցը շատ կարևոր է իր երկրի համար, ուստի Իրանը Ռուսաստանի, Թուրքիայի և Անդրկովկասի մյուս երկրների հետ մասնակցում է այս ձևաչափին։

Հիշեցնենք, որ «3+3» հարթակի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին։ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները քննարկել էին Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա խնդիրները։ Հանդիպմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև Վրաստանին, սակայն այդ երկրի իշխանությունները հրաժարվել են միանալ հանդիպմանը։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայումս նախապատրաստական ​​աշխատանքներ են իրականացվում «3+3» հարթակի նոր հանդիպման համար։ Նրա խոսքով՝ ներկա պահին համաձայնեցվում են միջոցառման անցկացման ժամկետներն ու օրակարգը։








Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի