«Նախկինների» մշակած ծրագրի ռեինկարնացիան ու ընդդիմադիրների արձագանքը
copy image url

«Նախկինների» մշակած ծրագրի ռեինկարնացիան ու ընդդիմադիրների արձագանքը

Ներքին 2 տարի առաջ - 22:29 08-12-2022
ՀՀ ԱԺ-ն միաձայն ընդունեց ՀՀ ՊՆ ներկայացրած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ Ներկա իշխանությունների կողմից հայկական բանակում բարեփոխումների նախագիծն անցավ պատգամավորների 91 կողմ ձայներով։ Ներկայացված այս նախագծին կողմ քվեարկեցին նաև ընդդիմադիրները։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով նախատեսվում է պարտադիր զինվորական ու սպայական ծառայությունից անցում կատարել պայմանագրային ծառայության՝ 5 տարի ժամկետով։ Պարտադիր զինծառայողները պայմանագրային զինծառայության կարող է անցնել ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո։ Պայմանագրային ծառայության ժամկետի լրանալուց կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունը ժամկետից շուտ ավարտելուց հետո զինծառայողը կստանա 5 մլն դրամ պատվովճար՝ այն ազատ տնօրինման հնարավորությամբ։ Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա կլինեն ատեստավորման։

Հատկանշական է, որ այս կետերը կարդալիս ակամայից կարելի է տեղափոխվել մի քանի տարի հետ՝ դեռևս 2017 թվական։ Այդ ժամանակ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած նմանատիպ մեկ այլ՝ «Ես եմ» ծրագիրը նույնպես ուղղված էր պարտադիր զինծառայությունից պայմանագրայինի անցնելուն։ Զորակոչի ենթակա քաղաքացին, ինչպես և «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, նախնական մի քանի՝ 5-ամսյա պատրաստություն էր անցնելու։ 10-օրյա արձակուրդից հետո արդեն ևս 7 օր անցնելու էր մարտական հերթապահության ներգրավվելու պատրաստություն։ Այս ամենին էլ հետևելու էր 14-ական օր տևող մարտական հերթապահությունը։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի 5 տարվա փոխարեն 3 տարի ծառայելու կամ առողջական խնդրի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելով ծառայությունից վաղաժամկետ ազատվելու դեպքում «Ես եմ» ծրագրով նույնպես նախատեսվում էր պատվովճար՝ 5 մլն դրամի չափով։ Մի տարբերությամբ միայն, որ այն դեպքում գումարը պետք է իրացվեր նպատակային 3 ծրագրերի՝ մատչելի բնակարան ձեռք բերելու, փոքր-ֆերմերային գործունեության կամ ուսման վարձի փոխհատուցման համար։

Ստացվում է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել դեռևս 2017 թվականին ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնած ու ներկայացրած «Ես եմ» ծրագրի ռեինկարնացիային։

ԱԺ-ում ընդդիմադիր թևը ներկայացնող պատգամավորները, Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության յուրացրած՝ բանակի բարեկարգման այս ծրագրի օգտին քվեարկությունից հետո իրենց որոշումը բացատրել են զինծառայության այս մոդելի ներդրման անհրաժեշտությամբ։

Ամենից շատ դիտված