Վերևներում մեծ աստղերով շատերը չեն թողնում մասնագետներին աշխատել․ գործնական առաջարկներ ՊՆ-ին
copy image url

Վերևներում մեծ աստղերով շատերը չեն թողնում մասնագետներին աշխատել․ գործնական առաջարկներ ՊՆ-ին

Ներքին 2 տարի առաջ - 22:28 24-11-2022

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի՝ «Բանակը պետք է փոփոխությունների ենթարկվի» հայտարարությանն է անդրադարձել ԱՏԱՆ ռազմահայրենասիրական կազմակերպության շտաբի պետ Եփրեմ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով շատ որոշակի սխալներ, որ առկա են բանակում և տալով հստակ առաջարկներ՝ ինչով պիտի փոխարինվեն այդ գործող կարգերը։

Իր խոսքի սկզբում նա նշում է, որ նախ հարկ է տարանջատել շփման գիծը պաշտպանական գծից․ վերջինը պիտի տեղակայված լինի շփման գծից հետ և այնտեղ պիտի լինի մի քանի էշելոն՝ բետոնե կառույցներով, կրակակետերով։ Իսկ շփման գծից առաջ ընկած հատվածը հարձակողական գիծն է, և այս տարանջատումը կատարելը կարևոր է, քանի որ, ինչպես ցույց են տվել թշնամու վերջին հարձակումները, այս կառուցվածքով երկար ժամանակ հնարավոր չէ դիմակայել հարձակմանը։

Անդրադառնալով՝ հայ զինվորի զենք-զինամթերքին՝ Եփրեմ Մարգարյանը հիշեցնում է ադրբեջանցիների հեգնանքը մեր մասին, թե՝ «սրանք էդպես էլ չկարողացան իրենց վրա փամփուշտ ունենալ»։ Նա նշում է, որ բանակում չգրված օրենք կա, որ մարտական գործողությունների ժամանակ երկու-երեք զինվոր միշտ նստում են՝ փամփուշտ լցնելու, ինչի արդյունքում նրանք մարտական գործողություններին չեն մասնակցում, իսկ դա խոսում է սխալ կազմակերպելու մասին։ Մարգարյանն առաջարկում է չտալ հակառակորդին այդ առավելությունը։
Նա հիշեցնում է, որ էկոնոմ ռեժիմում, մենահատ կրակոցով АКМ ինքնաձիգը չի գերազանցում րոպեում հարյուր կրակոցը․ դա նշանակում է, որ մարտի ժամանակ լիցքավորված պահունակները սպառվում են առաջին րոպեների ընթացքում, մինչդեռ հակառակորդն ունենում է նաև մարդկային ռեսուրսների առավելություն, և հարձակվում է ոչ թե մեկ, այլ՝ երկու-երեք ուղղությամբ։ «Հասկանում ենք, որ այս կարգը, որ զինծառայողն իր վրա ունի չորս պահեստատուփ, բոլոր տեղերում տվել է բացասական արդյունք։ Հակառակորդը հարձակման ժամանակ իր վրա կրում է ինը-տասը պահեստատուփ։ Ասեմ, որ դիրքերում զինամթերքի պակաս չկա, սակայն զինամթերքը գտնվում է փակ ցինկերի մեջ»,- ասում է Մարգարյանը՝ նշելով, որ պրակտիկ հաշվարկները ցույց են տալիս, որ ցինկերը բացելու-վերալիցքավորելու համար պետք է լինում շուրջ երկու րոպե․ ցինկը բացելու համար՝ մոտ 1.05 րոպե, իսկ պահեստատուփը լիցքավորելը տևում է 45 վայրկյան։ Եվ դա այն դեպքում, երբ բացող-լիցքավորողը փորձառու է։

Առավելագույնս անմտածված որոշում է զինվորին տալ միայն չորս լիցքավորված պահեստատուփ ու պարտադրել, որ նա սկսի լիցքավորել մարտի ժամանակ, երբ հակառակորդը գտնվում է 100 մետր հեռավորության վրա։ «Լավ է, որ բանակն ուզում է փոխվի, բայց այդ փոփոխություններն ովքե՞ր պիտի բերեն՝ սովետական միության սպանե՞րը։ Ոչ, նրանք չեն էլ պատկերացնում, որ այդ փոփոխությունների հիմքում պիտի հաշվարկներ ընկած լինեն»,- նշում է Մարգարյանը։

100 մետր անցնելու համար՝ մինչև նռնակի նետման հեռավորությունը՝ 10-15 մետրը, 45 աստիճան թեքության պայմաններում պահանջվում է 8 վայրկյան։ Իսկ մարտ վարելով մոտենալը՝ տևում է 24 վայրկյան։
Մարգարյանն առաջարկում է լիցքավորած պահել պահեստատուփերը՝ թեկուզ փակ վիճակում․ դա հնարավորություն կտա ավելի երկար մարտ վարել։ «Այնպես հաշվարկեք, որ գոնե երկու ժամ մարտ վարի դիրքի անձնակազմը»,- նշում է նա՝ կրկնելով, որ հարձակման ժամանակ հակառակորդը գերիշխում է օդից, ունի լիցքավորված պահեստատուփերի առավելություն, և ուղարկված օգնությունը երբեմն տեղ չի հասնում։ Եվ ինչպես ցույց են տալիս դիտարկումները, շատ դեպքերում հենց այդ պատճառով էլ թշնամին կարողացել է գրավել մեր դիրքերը։

Ինչ վերաբերում է ինքնաձիգներին․ «Մեր հակառակորդն օգտագործում է 5.45 տրամաչափը, մեր սպառազինության մեջ օգտագործում ենք 7.62 տրամաչափը։ Թյուր է կարծիքը, որ 5.45 տրամաչափը լեռնային պայմաններում արդյունավետ չէ և փոխում է իր ուղղությունը։ 7.62.39 տրամաչափի փամփուշտի սկզբնական արագությունը 760 մ/վ է, այն ավելի թեթև է, ու քամու ազդեցությունը դրա վրա ավելին է։ Իսկ կարծր առարկաներին դիպելիս այն ավելի մեծ շեղում ունի։ Կրակի արդյունավետությունը 350-400մ է։ Մեկ տուփը ցինկում ունի 20 գնդակ։ Իսկ 5.45-ի տուփի մեջ դրվում է 30 գնդակ (բայց այս երկուսի չափերը նույնն են). սա բացահայտ առավելություն է։

5.45-ի գնդակի սկզբնական արագությունը 900մ է, որի արդյունքում քամին ավելի քիչ է ազդում։ Խոցման առավելագույն հեռավորությունը կազմում է 600մ, ընդ որում՝ 5.45-ով ավելի հեշտ են խոցվում շարժվող թիրախները»։ Այս ամենը նշանակում է, որ նույն ծանրության պարագայում՝ մարտիկը կարող է իր վրա ունենալ մեկ երրորդով ավելի շատ սպառազինություն։ «Առաջարկում ենք, պարոնայք գեներալներ, պահեստներում գտնվող բոլոր 5.45 տրամաչափի ինքնաձիգները նորից բերել սպառազինություն, գոնե մարտական հերթապահություն կատարող զորամասերում, որ գտնվում են շփման գծում»,- ասում է նա։
Եփրեմ Մարգարյանն ընդգծում է մարտունակության, բարոյահոգեբանական վիճակի կարևորությունը։

Անդրադառնալով ատեստավորումից հետո սպաների աշխատավարձը բարձրացնելու նախագծին՝ նա նշում է, որ առավել կարևոր է, թե ինչպե՛ս է անցկացվելու այդ ատեստավորումը՝ «նորից, խորհրդային կարգով՝ տասը ժիմ, հարյուր մետր վա՞զք»։ Նրա խոսքով՝ եթե իրոք ցանկանում ենք փոխել բանակի համակարգը, ապա սպաները պիտի լրջորեն տիրապետեն մարտավարության։ «Տարբեր զորամասերում ենք եղել, ամեն տեղ նույնն է՝ անցնենք շրջանաձև պաշտպանության։ Բայց մի բան պիտի հաշվի առնեն, որտեղ կա պաշտպանություն, այնտեղ պիտի լինի նախահարձակ լինելու կարողություն։ Ո՞վ է այսօր տալիս հմտություն զինվորին ու սպային՝ նախահարձակ լինել։ Իսկ ամենալավ պաշտպանությունը նախահարձակ լինելն է։ Ատամին ատամ է պետք ցույց տալ։ Ատամի դեմ ձեռք դրեցիր, կկծի»,- նշում է նա։

Եփրեմ Մարգարյանը կարևորում է տարբեր աստիճանակարգերում դիտարկել այն սպաներին, որ անցել են ռազմական կրթություն և նրանց, որ, դիցուք, սովորել են անասնաբուժական ֆակուլտետում կամ ֆիզկուլտ ինստիտուտի ծանրաձողի բաժնում։ «Եթե բանակում ուզում ենք արմատական փոփոխություն, պիտի լինեն ճիշտ կադրեր։ Այսօր որքան էլ զինվորի գիտակցական մակարդակը բարձր է, ու նա ուզում է սովորել, բայց արդեն ինքն էլ է զզվել հետխորհրդային գարշահոտ մարտավարությունից։ Քանի որ ինքն էլ մտնելով մարտի մեջ, տեսնում է, որ այն, ինչ իրեն հրամայում են, արդյունք չի տալիս։ Դրա համար էլ այդքան անհաջողություններ, կորուստներ ենք ունենում»։

Մարգարյանը հիշեցնում է, որ այժմ մենք շարունակում ենք կրողը լինել սովետական մարտավարության, որի հիմքում մեծ մարդկային կորուստներով առաջադրանքը կատարելն էր։ «Ի՞նչ է, մենք այդքան հարո՞ւստ ենք մարդկային ռեսուրսներով։ Մեզ պետք է դնել բոլոր միջոցներն ու ունենալ հզոր բանակ։ Խոսում ենք խաղաղության մասին։ Խաղաղություն կունենանք այն ժամանակ, երբ ունենանք մարտունակ բանակ։ Շատերը չեն աշխատում։ Թղթաբանությունը խանգարում է բանակին։ Սպան չի հասցնում իրեն տրված թղթերը լրացնի․ դրանք լրացնի՞, թե՞ անձնակազմի հետ զբաղվի»,- նշում է նա։

Եկեք աշխատենք՝ առաջարկում է Մարգարյանը։ «Մենք ունենք հրաշալի մասնագետներ, բայց վերևներում մեծ աստղերով շատերը չեն թողնում, հրաշալի մասնագետներին աշխատել, որովհետև իրենք ինքնակրթությամբ չեն զբաղվում, տարբեր բանակների կառույցները չեն ուսումնասիրում․ կարևորը՝ նախարարությունը ջեռուցվում է։ Ջերմուկի դեպքերը ապացուցեցին, որ, այո, հնարավոր է 7 հոգով դուրս գալ 60 հոգու շրջափակումից և փռել գետին տասնյակից ավելի մարդ։ Որովհետև թուրքն էլ հասկացավ, որ իր լեզվով իր հետ խոսող կլինի։ Այն տակտիկան, որ ինքն է օգտագործում, կիրառվեց իր դեմ, դրա համար էլ մեր թևից մեկ մետր անգամ չկարողացան առաջանալ»։

Պիտի մեղադրողի դերից դուրս գանք ու դառնանք մարտունակ ազգովի։ «Պարոնայք գեներալներ, խնդրում ու հորդորում եմ, վերջ տվեք այդ խայտառակությանը, արեք այս պարզ հաշվարկները, եթե դժվար չի, մի անգամ ինքներդ ցինկ բացեք, րոպե պահեք և ինքներդ մեկ անգամ լիցքավորեք չորս պահեստատուփ։ Ինքներդ կզգաք՝ ձեր տված անհիմն հրամանները մարտի դաշտում ինչ կանեն։ Դուրս եկեք կաբինետներից, փորձարկումներ արեք, իսկ եթե մեղվեք, դիմեք մեզ։ Մենք պատրաստ ենք տալ այն, ինչ կարող ենք, որովհետև սա բոլորիս պետությունն է»,- ամփոփում է Եփրեմ Մարգարյանը` հիշեցնելով, որ միայն պաշտպանվելով շարունակաբար կորցնում ենք, կորցնում ենք ամեն ինչ։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված