Ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկումից ինը երկրներից վեցի հրաժարումը վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես Ռուսաստանի «կոլապս»՝ Visa-ին և Mastercard-ին այլընտրանք ստեղծելու համար: Այս մասին նոյեմբերի 22-ին հայտնել է Bloomberg-ը։
Նշվում է, որ այն երկրները, որոնցում օգտագործվել են «Միր» քարտերը, ԱՄՆ պատժամիջոցներից հետո ստիպված են եղել հրաժարվել դրանցից։ Հոդվածում ասվում է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը զարմացել է «բարեկամ երկրների» նման արձագանքից և այլընտրանքներ է փնտրում։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 7-ին, հայտնի էր դարձել, որ ղրղզական Bai Tushum և Optima Bank բանկերը դադարեցրել են ռուսական «Միր» վճարային քարտերի սպասարկումը։ Բացի դրանից, համապատասխան հայտարարություններ են արել Ղրղզստանի պետական բանկը Aiyl Bank-ը, Dos-Kredobank-ը և Bakai-Bank-ը, ինչպես նաև Կոմպանոն բանկը:
Մինչ այդ՝ սեպտեմբերի 27-ին, հայտնի էր դարձել թուրքական պետական Halkbank, Ziraat Bank եւ VakıfBank բանկերի որոշման մասին՝ դադարեցնել ռուսական «Միր» վճարային համակարգի օգտագործումը։ Նշվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը փոխվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցից հետո։
Իսկ սեպտեմբերի 23-ին հաղորդվել է, որ «տեխնիկական պատճառներով» դադարեցվել է նաև «Միր» քարտերի սպասարկումը Ուզբեկստանի վարկային կազմակերպություններում։
Ներկայումս «Միր» համակարգին աջակցում են 10 պետություններ՝ Հարավային Կորեա, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան, Վիետնամ, Աբխազիա և Հարավային Օսիա: Շուտով Միր քարտերը կընդունվեն Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի, Հարավարևելյան Ասիայի և Չինաստանի երկրներում։ Բանակցություններն արդեն ընթանում են։