«Շուտով Թումանյան-Սարյան խաչմերուկում կգործի փաստաբանական գրասենյակը: Աշխատանքային, ընտանեկան և վարչական գործերով վեճեր…», -երեկ իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր արել ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հայտնելով, որ կբացվի շուտով Գևորգ Պետրոսյան փաստաբանական ընկերությունը։
Oragir.News-ը զրուցեց նախկին պատգամավորի հետ՝ հարցնելով, թե արդյոք միտք կա նորից զբաղվելու ակտիվ քաղաքական գործունեությամբ, պատասխանեց. «Ես քաղաքականությունից չեմ հեռացել, որ վերադառնամ։ Պարզապես ակտիվ քաղաքական գործունեությունս ժամանակավորապես կասեցնում եմ, որովհետև հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ ոչ իշխանության նկատմամբ հավատ կա, ոչ էլ՝ իշխանության։ Դրա համար ես որոշեցի մասնագիտական գործունեությամբ առավելապես զբաղվել, բայց դա չի նշանակում, որ ես ինքս ինձ զրկել եմ իմ կարծիքն արտահայտելու ազատության սահմանադրական իրավունքից։ Փաստաբանական գրասենյակը զբաղվելու է իրավապաշտպան գործունեությամբ, ինչպես քաղաքացիների, այնպես էլ իրավաբանական անձանց՝ աշխատանքային, իրավական և վարչական վեճերի վերաբերյալ գործերով, բայց նորից եմ ասում՝ դա չի նշանակում, որ ես ինքս ինձ զրկում եմ քաղաքական նշանավոր իրադարձության վերաբերյալ կարծիք արտահայտելու իրավունքից։ Որովհետև քաղաքական գործիչն անցյալ չէ, նա միշտ էլ ներկա է լինելու։ Ես չեմ կարող տեսնել այն սպառնալիքները, որոնք մեր պետականության ու ժողովրդի համար իրական սպառնալիք են, անտարբեր լինեմ ու ասեմ ես իրավաբան եմ, և ինձ այլևս որևէ բան չի՛ հետաքրքրում։
Ես միշտ էլ իրավաբան եմ եղել և միշտ էլ որպես իրավաբան եմ պայքարել մեր արժեքների պաշտպանության համար, ես մի շարք նախագծեր եմ ներկայացրել, պարզապես քանի որ Նիկոլ Փաշինյանի համար իմ ներկայացրած նախագծերը հենց միայն նրա համար, որ դրանց հեղինակը Գևորգ Պետրոսյանն է, հանձնարարվել է դեմ քվեարկել, դրա համար էլ չեն ընդունվել դրանք, բայց ամեն դեպքում իմ գործունեությունը ծավալել եմ սահմանադրության և կից օրենքների շրջանակներում։ Հիմա էլ եմ պատրաստ դա անել, բայց ես հիմա չեմ տեսնում այն ուժը, որի հետ կարող եմ ես համագործակցել, ու իմ քաղաքական քայլերը կատարել, դրա համար ես հիմա անցնում եմ իմ մասնագիտական գործունեությանը, փաստաբանական գրասենյակը կզբաղվի փաստաբանական, ընտանեկան վեճերով, վարչական դատավարության հետ կապված վեճերով, բայց ես չեմ բացառում իմ վերադարձը քաղաքականություն, որովհետև մեկ-մեկ ինձ ասում են, որ ես բացառում եմ, բայց ո՛չ, երբեք պետք չէ ասել երբեք, եթե լինի մի այնպիսի քաղաքական ուժ, որի հետ ես պոտենցիա տեսնեմ ՝ իր ազգը փրկելու, ինձ ոչ մի նկատառումով չեն հետաքրքրում քաղաքական ուժերը, ինձ քաղաքական ուժերը հետաքրքրում են միայն մեկ դիտանկյունից․ կարող է արդյոք այդ քաղաքական ուժը իշխանության ղեկին հայտնվելու դեպքում ապահովել երկրի կործանման կանխումը, սա է իմ չափանիշը։ Եթե կլինի մի քաղաքական ուժ, որ ինքը, իմ ներքին համոզմամբ, իմ ընկալումներով, իմ գնահատականներով կարող է ապահովել երկրի կործանումը փրկելու գործընթացը, ես պատրաստ եմ կանգնել այդ քաղաքական ուժի կողքին։ Ի սկզբանե ասում եմ սա և չեմ հերքելու, որ ես առաջին դեմքի հավակնություն չունեմ։
Ինձ համար այսօր դժվար չէ կուսակցություն հիմնադրելը, մի քանի հարյուր մարդ վերցնել ու ՀՀ սահմանադրության համաձայն՝ կարողանալ ապահովել էն կազմը, որ պետք է կուսակցական գործունեության լեգիտիմություն ապահովվի։ Պատրաստ եմ կանգնել այն ուժի կողքին, որը երկիրը այս վիճակից դուրս կբերի»։