Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համերաշխություն է հայտնել Լեհաստանին և ցավակցել նախորդ գիշեր տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, այս մասին Զուրաբիշվիլին գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։
«Ես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Այս դժվարին պահին մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Լեհաստանի կառավարությանը և լեհ ժողովրդին։ Լեհաստանը Եվրոպայի սիրտն է։ Ոչ ոք չպետք է մոռանա այս մասին»,- գրել է Զուրաբիշվիլին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «
Oragir.News»-ը՝ հղում անելով լեհական լրատվամիջոցներին,
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լեհաստանի Պրժեւոդուվ գյուղի տարածքում երկու հրթիռ է ընկել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Լեհաստանի իշխանությունները, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, ինչպես նաև Բալիում G20-ի գագաթնաժողովին մասնակցող համաշխարհային առաջնորդները միջադեպի առնչությամբ արտակարգ խորհրդակցություններ են անցկացրել։
Ուկրաինան կարծում է, որ Լեհաստանի տարածքում հրթիռի արձակման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը, որը գնդակոծում է ուկրաինական քաղաքները։ Մոսկվան
հերքում է իր մասնակցությունը Լեհաստանում տեղի ունեցած միջադեպին։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ դա ռուսական արտադրության հրթիռ է և խոստովանել, որ այն կարող էր օգտագործվել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից՝ հարձակումը հետ մղելու համար: Նրա խոսքով, դա կարելի է համարել որպես դժբախտ պատահար, և նախանշաններ չկան, որ Լեհաստանի վրա կանխամտածված հարձակում է տեղի ունեցել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը
քիչ հավանական է համարել, որ Լեհաստանում ընկած հրթիռը արձակվել է Ռուսաստանի տարածքից։