Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է Եվրամիության և Միացյալ Թագավորության նոր պատժամիջոցները Իսլամական Հանրապետության, իրանցի անհատների և կառույցների դեմ։ Ինչպես փոխանցում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Քանանին սահմանված պատժամիջոցները որակել է որպես անհիմն, անօրինական, միջամտողական գործողություններ։
Քանանին ընդգծել է, որ պատժամիջոցներ կիրառելու եվրոպական կողմերի սովորությունը նրանց մոտ առաջացրել է ռացիոնալության մեկուսացում, և նման սխալ վերաբերմունքով հենց Եվրոպան է նեղացնում իր փոխգործակցության շրջանակը։
«Հենվելով իր ազգային հզորության վրա և օգտվելով պարտադրված մարտահրավերներին ակտիվորեն դիմակայելու իր եզակի փորձից, ինչպես նախկինում, Իրանը մարտավարությամբ և ուժով, ազգային պատիվից ու շահերից ելնելով, իրավունք է վերապահում արձագանքել դրանց և արդյունավետ հակաքայլեր կձեռնարկել նման ապարդյուն և ոչ կառուցողական քայլերի դեմ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան երկուշաբթի օրը համաձայնեցված գործողությունների արդյունքում պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ։
Բրիտանական կառավարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ պատժամիջոցների է ենթարկել Իրանում 24 պաշտոնյայի՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար։ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի ներքին գործերի նախարարի և մի քանի բարձրաստիճան ոստիկանների և զինվորականների, այդ թվում՝ Իրանի բանակի ցամաքային զորքերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների նկատմամբ:
Պաշտոնական Թեհրանը եվրոպական երկրների այս քայլը որակել է որպես Իրանի դեմ արևմտյան երկրների թշնամական և ապարդյուն քայլերի շարունակություն։