Ընդդիմության կիրառած տեխնոլոգիան ոչ միայն միավորող չէր, այլև վանող էր․ քաղաքագետ
copy image url

Ընդդիմության կիրառած տեխնոլոգիան ոչ միայն միավորող չէր, այլև վանող էր․ քաղաքագետ

Ներքին 2 տարի առաջ - 22:45 07-11-2022
Նոյեմբերի 5-ի հանրահավաքի ընթացքում կիրառվող տեխնոլոգիան արդեն վաղուց հնացած ու ոչ արդյունավետ էր։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 5-ին Երևանում կայացած հավաքի ոչ մարդաշատ լինելու փաստին։

«Հանրահավաքի կազմակերպիչների և նրանց մերձավոր շրջանակի կողմից տևական ժամանակ, այսինքն, հայտարարման պահից սկսած՝ օգտագործվում էր մի քաղաքական տեխնոլոգիա, որն իրեն վաղուց սպառել է։ Խոսքն այն մասին է, թե «բոլոր հայերն այստեղ են», «ով մեզ հետ չէ, թուրք է» և այլն։ Որոշակի հարթակներում ես դա նկատեցի, և սա ինքնին չաշխատող և ավելին ասեմ՝ վանող քաղաքական տեխնոլոգիա է դարձել այսօր»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ այս տեխնոլոգիան կարող էր աշխատել միայն այն դեպքում, երբ կազմակերպիչներն արդեն իսկ իրենց շուրջ հավաքած լինեին երկրի բնակչության հիմնական մասին։

«Բայց չունենալով բավարար հեղինակություն և անցյալի որոշակի հանգամանքներ, որպես ստվեր ունենալով՝ դրա միջոցով պարզապես հնարավոր չէր համախմբել հասարակությանը։ Մյուս կողմից, կարծում եմ, որ հասարակության մեծամասնության կողմից կար ողջամիտ կասկած, որ այն պարզապես վերածվելու է հերթական հանրահավաքի՝ ինչպես որ, ցավոք սրտի, տեղի ունեցավ»,- ասաց փորձագետը։

Ըստ Արա Պողոսյանի՝ էական ուղերձ հնարավոր չեղավ հղել ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանին, որն, իր համոզմամբ, բավականին կարևոր նշանակություն ունի։

«Շատ ավելի ողջունելի կլիներ, եթե այդպիսի հանրահավաք լիներ ստեփանակերտյան հանրահավաքին զուգահեռ, և նույնիսկ էդտեղ խոսք չհնչեր, այլ ուղիղ եթերում ընդամենը ցուցադրվեին ստեփանակերտյան հանրահավաքի ելույթները և այլն։ Այ սա կլիներ իրական միակամության արտահայտումը և, կարծում եմ, որ շատ ավելի մեծ զանգվածերի ի վիճակի կլիներ էսպիսով համախմբել և մոբիլիզացնել։ Բայց, ինչպես տեսանք, սա դարձավ ընդդիմության հերթական հանրահավաքը։ Եվ նույնիսկ ընդդիմության ներսում եղան տարաբաժանումներ և առանձին խմորումներ, ինչը, բնականաբար, ենթադրելի էր, որ էդպես էլ լինելու էր»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված