Ուղիղ եթեր
Փաշինյանն ավտորիտար քաղաքական գործիչ է, ով ուժեղի առաջ խեղճանում է, կծկվում, իսկ իր ենթակայի առջև՝ հրեշի վերածվում․ հոգեբան
copy image url

Փաշինյանն ավտորիտար քաղաքական գործիչ է, ով ուժեղի առաջ խեղճանում է, կծկվում, իսկ իր ենթակայի առջև՝ հրեշի վերածվում․ հոգեբան

Ներքին 2 տարի առաջ - 20:03 02-11-2022
«Նիկոլ Փաշինյանը զուտ հոգեբանական տեսակետից հետաքրքիր երևույթ է, քիչ հանդիպող։ Էստեղ մենք գործ ունենք բարոյական հասունության ծայրահեղ ցածր մակարդակի հետ, եթե չասենք զրոյական»։ Oragir.News-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի հոգեբանական բնույթն այսպես ձևակերպեց հոգեբան Կարինե Նալչաջյանը։

«Գիտե՞ք, ինքը որոշակի խարիզմա ունի, որն ամբողջովին համեմված է բացասական էմոցիաներով։ Ինտելեկտուալ առումով ինքը թույլ է, բայց ունի շատ կարևոր հատկանիշ․ հրաշալի մանիպուլյատոր է»,- ասաց նա։

Ըստ Նալչաջյանի՝ Փաշինյանն այդ մանիպուլյատիվ ունակություններն, ըստ ամենայնի, ձեռք է բերել դեռևս մանկության տարիներին։

«Մենք բոլորս գիտենք, որ ինքն ինչ-որ ծանր մանկություն է ունեցել։ Եվ, երևի այդ տարիների տարբեր իրավիճակներ հաղթահարելու համար իրեն շատ օգնել են մանիպուլյացիաները՝ ստերը, և այլն, և այլն․․․ և դա դարձել է կյանքում ապրելու ու հարաբերակցվելու հիմնական զենքն ու գործիքը։ Ինքը հմտացած է մանիպուլյացիայի մեջ։ Ինքը պրոֆեսիոնալ ստախոսի կերպար է, փաստորեն»,- ասաց մասնագետը։

Իր խոսքերը հաստատելու համար հոգեբանը հիշեց անցած տարիներին Փաշինյանի՝ հրապարակայնորեն հնչեցրած մի շարք հայտարարություններ ու արտահայտություններ։

«Ինքն իր ո՞ր ասածն է արել։ Մի հատ դրեք իրար կողքի՝ համեմատեք։ Այն միտինգները, որի ժամանակ բեմահարթակից խոսում էր՝ սիրում էր, խոնարհվում էր, էն ինչե՜ր էր խոստանում, էն ինչե՜ր էր անում։ Եվ այսօրվա իր ելույթները դնենք իրար կողքի։ Ոչ մի ընդհանուր բան չկա։ Այսինքն, մենք հասկանում ենք, որ էդ ելույթներն ուղղակի մանիպուլյատիվ տեքստեր էին՝ ժողովրդին ոգեվորելու և իր հետևից տանելու համար։ Դա պաշտոն զբաղեցնելու համար արված ինչ-որ բան էր։ Ընդ որում, ես ինչու եմ ասում բարոյական հաստատման մասին, որովհետև որևէ մեկը չի կարող պարծենալ, որ ինքը կյանքում որևէ սուտ չի խոսել։ Բայց, եթե բարոյապես հասուն մարդն է սուտ խոսում, ապա դրանից հետո ինքն ունենում է մեղքի զգացում, ամոթի զգացում է ունենում, խղճի խայթ։ Մենք տեսնում ենք, որ այս մարդու մոտ դա էլ զարգացած չէ»,- ասաց նա։

Հոգեբանը շարունակում է․ Փաշինյանը եսակենտրոնության դրսևորումն արտահայտվում է բոլոր իրադարձություններն իր շուրջ կենտրոնացնելու փորձերով։

«Ամեն ինչ անում է հանուն իրեն։ Փողասիրության ու շահամոլության ինչ-որ մի գիծ է իր մոտ նկատվում։ Իր մոտ առկա են հոգեբանական շեշտվածություններ։ Դրանք, իհարկե, տարբեր մարդկանց մոտ տարբեր չափով դրսևորվում են, բայց սրա մոտ շատ ուժեղ է դրսևորվում այդ ամեն ինչը։ Էս մարդկանց կողքին ապրելը, իրենց հետ շփվելն ու հարաբերվելը շատ տառապալից իրադրությունների է հանգեցնում։ Եվ մեծագույն դժբախտություն է, երբ հանկարծ իրերն այնպես են դասավորվում, որ էս մարդու ձեռքին իշխանություն է լինում։ Դա ողբերգություն է։ Էսպիսի շեշտադրվածությամբ մարդու ձեռքին ոչ ավել ոչ պակաս մեր հայրենիքի, մեր երկու պետությունների լծակներն են։ Ինքը որոշում է կայացնում»,- ասաց փորձագետը։

Ըստ հոգեբանի՝ հետաքրքրական է նաև Փաշինյանի՝ Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարթակներում դրսևորած վարքագծերի տարբերությունը։ Կարինե Նալչաջյանի բնորոշմամբ՝ Փաշինյանն այս առումով, աչքի է ընկնում ավտորիտար քաղաքական գործչի հատկանիշներով։

«Ավտորիտար տեսակն ինչպիսին է։ Իրենից ուժեղի առաջ խեղճանում է, կծկվում, իսկ իր ենթակայի առջև ինքը կարող է հրեշի վերածվել։ Այ էս տեսակն է։ Իր երկրի ներսում որոտ ու կայծակ է դառնում, մարդկանց վիրավորում, «ծեփում- մեփում»՝ իրենց բառապաշարով, էլ «վնգստում են», էլ ինչ ասես՝ լսեցինք, «մուրճ թափ տալ»։ Այսինքն, ինչ-որ էկզոտիկ բաներ, որ պետական գործչին ընդհանրապես հարիր չէ։ Եթե մի կողմ թողնենք ամեն ինչ՝ պետական գործչի էդպիսի կերպարը ողբերգություն է տվյալ պետության համար։ Երբ դու բյուջեն դարձրել ես քո անձնական սեփականությունը՝ քո ձեռքը քաղաքացիների գրպանում է»,- ասաց հոգեբանը։

Երկրի ներսում «առյուծ կտրած» ղեկավարը, հոգեբանի խոսքով, բացարձակ հակառակ կերպարանք է ստանում, երբ այդ երկրի սահմաններից դուրս է հայտնվում։

«Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ արհամարհված, խեղճացած վիճակում է։ Այնպիսի արտահայտություններ են հնչում սրա կողքին հայտնված տարբեր պետությունների ղեկավարների կողմից, այդ թվում՝ Ալիևի։ Ուղղակի դրա դեմքից արհամարհանքն ու ծաղրը թափվում է։ Երևի ճիշտ է, հա՞ մարդը, ի՞նչ ասեմ։ Մի մարդու կողքին է հայտնվել, որ հանգիստ իր պետությունը քանդելով է զբաղված՝ իրենք ավելի լավ գիտեն՝ հանուն ինչի։ Բայց ներսում տեսնում ենք հոխորտանք և այլն։ Գիտե՞ք, մի տեսակ, ի՞նչ ասեմ, ամոթալի է, որ քո երկիրը ներկայացնում են այս մարդիկ։ Ես միայն իր մասին չասեմ։ Այն ամբողջ թիմը, որ ներկայացնում է Հայաստանը»,- ասաց նա։

Հոգեբանի խոսքով՝ այսպիսի ղեկավարների մոտ բացակայում է նաև էթնիկական պատկանելության ու նույնականացման զգացումը։ Նա այդ հարցը դիտարկեց նաև վերջին օրերին ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին Հայաստանում անցանկալի անձ հայտարարեու որոշման համատեքստում։

«Անձնականն իր համար կենտրոնական է, բայց էս մարդն առանձնապես վիրավորվելու հատկություն, կարծես թե չունի։ Իր հասցեին ինչ ասես՝ ասվում է։ Ես համոզված եմ, որ Զատուլինի հետ կապված այս ամբողջ պատմությունը Հայաստանն իրականում ղեկավարող Ալիևի քմահաճույքն է եղել։ Ասել է պիտի էսպես անես՝ արել է։ Այսօր իսկապես, Հայաստանը ղեկավարվում է թուրքական շահերով, թուրքական էմոցիաներով։ Ու եկեք չմոռանանք, որ Ալիևն ասել է, որ ինքը 2018 թվականի հեղափոխության մեջ մասնակցություն ունի, դեր է կատարել մարդը։ Հայրենիքի կորուստ, հայրենիքի տարածքները նվիրում է՝ հեշտ ու հանգիստ, ասես, էսպիսի արտահայտություն կա՝ «հոր տնից է բերել»։ Պատերազմով ճզմում է մարդկանց ներաշխարհը, զոհի հոգեվիճակի մեջ է դնում»,-ասաց Կարինե Նալչաջյանը։

Հոգեբանը տեսակետ հայտնեց, որ այսպիսի ղեկավարներն ինքնակամ չեն հեռանում։ Ըստ նրա՝ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա զգա վախ՝ իր անձնական գոյության ու բարօրության հարցում։

«Այսպիսի մարդիկ հանուն իրենց նպատակների ընդունակ են ամեն ինչի։ Այսինքն, այն կոչերը, որ հերի՛ք է, դադարեցրե՛ք, հանուն Հայաստանի ու ժողովրդի՝ զրոյական բաներ են, և այսպիսի մարդկանց վրա որևէ ազդեցություն չեն թողնում։ Իրենց պետք է հեռացնել, իրենց պետք է թույլ չտալ իշխանություն ունենալ։ Երբեմն ասում ես՝ թողնես մարդու խղճին, բայց իրենք խիղճ չունեն, հասկանո՞ւմ եք։ Երբ, օրինակ՝ ժողովրդի շատ մեծ զանգված ոտքի կանգնի, այնպես, որ ոստիկանությունը տեսնի, որ այլևս չի կարողանում վերահսկել՝ այդ ժամանակ նա կարող է այդ վախի ազդեցության տակ թողնել և հեռանա»,- եզրափակեց փորձագետը։

Նազելի Ստեփանյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
16:30 Նիկոլ Փաշինյանն իբր իրեն լվանո՞ւմ է, որ ատամներն էլ լվանա. հարցում