Սեուլում երեկ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ
copy image url

Սեուլում երեկ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ

Արտաքին 2 տարի առաջ - 12:33 31-10-2022

Սեուլում տեղի ունեցած ողբերգության հետևանքով այս պահի դրությամբ առկա տվյալների համաձայն՝ տուժած ՀՀ քաղաքացիներ չկան․ Oragir.News-ի հարցմանն ի պատասխան նշել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում կորոնավիրուսային սահմանափակումները հանելուց հետո առաջին անգամ բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպվել Հելոուինի առթիվ։ Այս նպատակով փողոց դուրս եկած բազմահազարանոց ամբոխում հրմշտոցի հետևանքով ստեղծվել էր անկառավարելի վիճակ, որին զոհ էին գնացել այս պահի տվյալներով՝ առնվազն 154 մարդ, ևս 37-ը ծանր վնասվածքներ են ստացել։ Վերջին տվյալներով՝ զոհվածների թվում կա 26 օտարերկրացի։

Հարավկորեական The Chosun Ilbo թերթը վերականգնել է Սեուլում տեղի ունեցած զանգվածային հրմշտոցի իրական պատկերը․ ըստ պարբերականի՝ առնվազն 130 հազար մարդ ժամանել է մետրոյի կենտրոնական կայարան՝ մոտ բարերին և ակումբներին։ Ամբոխը գրեթե անմիջապես սկսել է շարժվել դեպի գլխավոր փողոց՝ հաշվի չառնելով, որ մետրոյին ամենամոտ գոտու լայնությունը ընդամենը չորս մետր է։

Մարդիկ րոպեում մի քանի քայլ են հաղթահարել։ Տեղական ժամանակով մոտավորապես 22:15-ին առաջին մի քանի մարդիկ ընկել են՝ առաջացնելով դոմինոյի էֆեկտ, որից հետո մարդիկ սկսել են ընկնել միմյանց վրա։ Ականատեսների վկայությամբ՝ ընկածներից 6-7 շերտ է գոյացել, սակայն ամբոխը շարունակել է շարժվել՝ առաջացնելով առավել մեծ թվով մարդկանց անկանոն կուտակումներ միմյանց վրա, անկառավարելի իրավիճակ։

Կարմեն Մարտիրոսյան