Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին ուղիղ եթերում հետևելու հնարավորություն կա:
«Միացեք և դիտեք ուղիղ հեռարձակումներ պանելային քննարկումներից և գագաթնաժողովի նիստերից»,-ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 28-31-ին Երևանում իրականացվում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այն կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:
Այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ կծառայի սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն:
Գագաթնաժողովը կունենա շուրջ 600 մասնակիցներ 50-ից ավելի երկրներից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք կներկայացնեն համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն: