Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրը դրամատիկ ստացվեց B խմբում։
Արդեն իսկ հայտնի է, որ փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել «Պորտուն» և «Բրյուգեն», իսկ Մադրիդի «Ատլետիկոն» և Լևերկուզենի «Բայերը» վերջին տուրում կպայքարեն Եվրոպա լիգայի համար։
Ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել...
Մադրիդում կայացած «Ատլետիկո» - «Բայեր» հանդիպումը ֆանտաստիկայի ժանրից էր։ Հանդիպման վերջնամասում հաշիվը 2։2 էր։ Հատկանշական է, որ մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո VAR համակարգով մրցավարները վերանայեցին դրվագը, և 11-մետրանոց նշանակվեց «Բայերի» դարպասին. դա տեղի ունեցավ ավելացված 9-րդ րոպեին։ Այսպիսի դեպքեր, երբ եզրափակիչ սուլոցից հետո 11-մետրանոց նշանակվի, հազվադեպ է պատահում։
Նշանակված բաղձալի թվացող 11-մետրանոցը անհաջող իրացրեց Յանիկ Կարասկոն. դարպասապահը հետ մղեց գնդակը։ Լարվածության գագաթնակետին էլ վրա հասած Սաուլ Նյիգեսի հարվածը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից։ Այսպիսի թրիլլերային կերպով Դիեգո Սիմեոնեի գլխավորած «Ատլետիկոն» հրաժեշտ տվեց Չեմպիոնների լիգային...