Համաշխարհային բանկն Ուկրաինային հատկացրել է լրացուցիչ 500 մլն դոլար
copy image url

Համաշխարհային բանկն Ուկրաինային հատկացրել է լրացուցիչ 500 մլն դոլար

Արտաքին 2 տարի առաջ - 11:25 25-10-2022
Համաշխարհային բանկը երկուշաբթի տեղեկացրել էր Ուկրաինային լրացուցիչ 500 մլն դոլար հատկացնելու մասին, որպեսզի օգնի երկրին բավարարելու անհետաձգելի ծախսերը, որոնք առաջ են եկել Ռուսաստանի ներխուժման եւ շարունակվող պատերազմի պատճառով:

Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի, որը Համաշխարհային բանկի գլխավոր վարկային ստորաբաժանումն է, ֆինանսավորումն ապահովվել է Մեծ Բրիտանիայի 500 մլն դոլար գումարի չափով վարկային երաշխիքներով, որոնց մասին հայտարարվել էր սեպտեմբերի 30-ին, նշվել է կազմակերպության հաղորդագրությունում։

Վարկը հատկացվել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի նախօրեին, որը տեղի է ունենալու երեքշաբթի Բեռլինում, եւ որի ընթացքում ազգային առաջնորդները, զարգացման գծով փորձագետները եւ ընկերությունների ղեկավարները քննարկելու են, թե ինչպես վերականգնեն Ուկրաինան պատերազմի ավարտից հետո։

«Ռուսաստանի ներխուժումը շարունակում է հանգեցնել ուկրաինական ենթակառուցվածքի զանգվածային ավերածությունների, ներառյալ ջրամատակարարումը, կոյուղին եւ էլեկտրական ցանցերը, այն դեպքում, երբ մոտենում է ձմեռը, ինչն ավելի վտանգավոր է դարձնում ուկրաինացի ժողովրդի գոյությունը»,- ասել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մալփասը։

«Այսօր հատկացված ֆինանսավորման նոր ռաունդը կօգտագործվի հիմնական պետական ծառայություններին աջակցելու համար։ Մենք մտադիր ենք սատարել ուկրաինացի ժողովրդին, քանի որ նա բախվել է այս աննախադեպ ճգնաժամին»,- նշվել է հայտարարությունում։

Համաշխարհային բանկն ընդհանուր առմամբ 13 մլրդ դոլար է հատկացրել Ուկրաինային, որոնցից 11,4 մլրդ-ն լրիվ իրացվել է։

Ամենից շատ դիտված