Վրաստանը և Լիտվան ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրել
copy image url

Վրաստանը և Լիտվան ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրել

Արտաքին 2 տարի առաջ - 20:44 24-10-2022
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն հանդիպում է ունեցել Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի հետ։ Ինչպես փոխանցում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերը։


Բուրչուլաձեն նշել է, որ Լիտվան Վրաստանի ականավոր, ամուր և հավատարիմ ռազմավարական գործընկերն է։ Պաշտոնյաները կարևորել են երկու երկրների համագործակցությունը և համատեղ մասնակցությունը տարբեր նախագծերի ու նախաձեռնությունների։


Կողմերն անդրադարձել են ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարին և ակնկալել կոնկրետ քայլերի մասին՝ հաջորդ տարի Վիլնյուսյում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում։
Բացի այդ Վրաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները մեկ անգամ ևս աջակցություն են հայտնել Ուկրաինային՝ ռուսական ներխուժմանը դիմակայելու հարցում։


Վրաստանի պաշտպանության նախարարը լիտվացի գործընկերոջը տեղեկացրել է երկրի պաշտպանական գերատեսչությունում ՆԱՏՕ-ի ու ԵՄ չափանիշների հետ համատեղելիության առումով իրականացվող բարեփոխումների մասին։


Բուրչուլաձեն և Անուսաուսկասը նաև վերանայել են ռազմական կրթության, կիբերանվտանգության, ռազմավարական հաղորդակցության, պարտադիր զինվորական ծառայության, վիրավոր զինվորների վերականգնման, ազգային պաշտպանության ակադեմիաների միջև այցելությունների փոխանակման և համատեղ վարժանքների երկկողմ համագործակցության կոնկրետ պլանները:

Հանդիպման արդյունքներով նախարարները ռազմավարական համագործակցության վերաբերյալ համատեղ հռչակագիր են ստորագրել։