Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովին
copy image url

Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովին

Ներքին 2 տարի առաջ - 18:59 24-10-2022
Հոկտեմբերի 18-ից 21-ը Հնդկաստանի քաղաք Նյու Դելիում կայացավ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ներկայացված էր ի դեմս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանի:

Ոստիկանության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էին 174 երկրների 700-ից ավելի ներկայացուցիչներ:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացման խոսքում կարևորեց միջազգային մակարդակով հանրության անվտանգությանն ուղղված ջանքերն ու համագործակցությունը:

«Վեհաժողովի շրջանակում Նարինե Հակոբյանը հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի, կազմակերպության այլ ներկայացուցիչների, մի շարք անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկվեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Միջազգային հանցավորության դեմ պայքարում հիմնական քննարկման թեմաներն ընդգրկուն էին՝ ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքար, կիբեռհանցավորություն, երեխաների սեռական շահագործման դեմ պայքար և այլն:

Վեհաժողովի ավարտին ընդունվեցին մի շարք հիմնարար որոշումներ»,- նշված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված