Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկակի չափանիշներ կիրառելու համար։ Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քանանին դատապարտել է Իրանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները։
Քանանին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները որակել է որպես քաղաքական միջամտություն, բռնության հրահրում և օրենքի խախտում։ Նա հիշեցրել է, որ խաղաղ ցույցերի իրավունքը ամրագրված է Իրանի սահմանադրությամբ, և երկրի իշխանությունները հարգում են քաղաքացիների խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը։
Խոսնակը զարմանք է հայտնել, որ ֆրանսիացի պաշտոնյաները՝ այդ թվում նաև կառավարության խոսնակը, դատապարտում են Իրանի անվտանգության ուժերի գործողությունները՝ անկարգությունների դեմ պայքարում, սակայն նրանք սպառնում են գործադուլ իրականացնող ֆրանսիացի աշխատողներին։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի էներգետիկ ոլորտի գործադուլները և այդ երկրի կառավարության միջամտությունը գործադուլին արժանի են լրատվամիջոցների լուսաբանմանը:
«Սա բացահայտ կեղծավորություն է և ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդու իրավունքները արևմուտքի բազմաթիվ հավակնոտ կառավարությունների բառապաշարում ոչ այլ ինչ են, քան խաղալիք և գործիք` քաղաքական նպատակներին հասնելու և այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար»,- ասել է Քանանին։