Պրահայում երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունեցին հայտարարություն, որով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Փաստաթղթում չի հիշատակվում Արցախի մասին։ Նշվում է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովները պիտի շարունակեն աշխատել։
Այս հայտարարությունը բանակցություններ վարելու և Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու հնարավորություն է՝
Oragir.news-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։ «Այս պահին իշխանությունը ճար է որոնում՝ պիտի թողնենք բանակցի։ Այս պահին գլխավորը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելն է»,- ասաց նա։
Հարցին, թե որքանով է այս հայտարարությունը մեզ համար ձեռնտու՝ նա պատասխանեց, որ Հայաստանին վերականգնվելու հնարավորություն է պետք։ «Հայաստանը կարող է և ընդհանրապես չճանաչել (Ադրբեջանի սահմանները), բայց ունի՞ արդյոք դրա պոտենցիալը, թե ոչ․ եթե ունի, թող չճանաչի։ Բայց այստեղ՝ օբյեկտիվորեն ասենք, տեսնում ենք, որ Արցախից անցել են Հայաստանի վրա․ այստեղ Հայաստանի փրկության հարցն է։ Այո, կա նաև Արցախի փրկության հարցը, բայց Արցախի փրկության և Հայաստանի փրկության հարցը կախված է Հայաստանի առողջությունից։ Դրա համար էլ Հայաստանը պիտի քիչ թե շատ իրեն վերագտնի»,- ասաց նա՝ հավելելով, որ վաղը, եթե այլ իրադրություն լինի, կարող է և այլ հայտարարություն տարածվի։
Սուքիասյանի դիտարկմամբ՝ մեզ համար կարևոր է ունենալ նվազագույն բազա, որ կարողանանք բանակցել։ «Նայեք համաշխարհային այս սոդոմ-գոմորը։ Աշխարհում տեկտոնական շարժեր են, Ռուսաստան ու Ուկրաինա են ջնջխում, Սիրիա են ջնջխում, ու էս ամենում մի փոքր Հայաստան է, որ չորս օր առաջ Արցախում ջախջախվել է, և էստեղ հատուկ բաներ են պահանջում։ Ի՞նչ ասեմ՝ Հայաստանն անում է այն, ինչի պոտենցիալն ունի։ Եվ կարևորն այս պահին մեր՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահելն է»,- ասաց նա։
Առանց Արցախի՞՝ հարցին ի պատասխան՝ նա նշեց․ «Արցախը Հայաստանի մաս չի եղել երբևէ։ Թող լիներ։ Ինչո՞ւ Արցախը Հայաստանի մաս չի եղել այն ժամանակ, երբ Հայաստանը ձիու վրա էր։ Ինչո՞ւ են Արցախից միշտ պահանջել ինքնորոշման իրավունք, ինչո՞ւ են միշտ ասել, որ անկախ պետություն են։ Հետևապես հիմա, երբ պարտված պետություն ենք, ինչ էլ դեմ տան, ստորագրելու ենք, որ Հայաստանի ինքնիշխանությունը փրկվի»։
Ցեղասպանության վտանգ չե՞ք տեսնում Արցախի համար՝ այն նույնիսկ հիշատակված չէ փաստաթղթում․ «Ցեղասպանություն արդեն իսկ եղել է, մենք ենք մեզ դրել եսիմինիչի տեղ, չենք նկատում։ Ո՞ւր է Արցախի իննսուն տոկոսը, ո՞ւր է Արցախի՝ հարյուր հազարից ավելի բնակչությունը։ Բա սա Ցեղասպանություն չի՞։ Երկրորդը՝ Հայաստանը հիմա Արցախի հարցի վրա ոչ մի ազդեցություն չունի՝ իննսուն տոկոսը մեզ մոտ չի, էն մի տասը տոկոսն էլ՝ ռուսական ռազմաբազա է։ Ու հիմա նաև անցել են Հայաստանի տարածք»։
Սուքիասյանն ընդգծեց, որ այս ամենով հանդերձ՝ մեր ինքնիշխանության դեմ է աշխատում Ռուսաստանը։ «Տեսնում եք, որ Ռուսաստանը, որ ներկայանում էր մեզ բարեկամ, մեր պետության իսկական թշնամի է և բարեկամ է Ադրբեջանին։ Մեզ զենք էլ չի վաճառում, որքան էլ որ Հայաստանից աղերսներ են գնում։ ՀԱՊԿ-ին քանի՞ անգամ դիմեցինք։ Այդ պետությունը որոշել է, որ դաշնակցելու է Թուրքիայի հետ, և այդ խնդիրը իշխանության մեջ չէ, այլ հենց՝ Ռուսաստանի դիրքորոշումն է»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ նման ծանր դրության մեջ նմանատիպ հայտարարությունը Հայաստանի համար հնարավորություն է։
Կարմեն Մարտիրոսյան