Երբ չգիտես թշնամուդ` զենք էլ չես ստեղծում․ ԱՏՁՄ ռազմաարդյունաբերության համակարգող
copy image url

Երբ չգիտես թշնամուդ` զենք էլ չես ստեղծում․ ԱՏՁՄ ռազմաարդյունաբերության համակարգող

Ներքին 2 տարի առաջ - 16:24 04-10-2022
«Բոլորս զզված ենք պատերազմից․․․», «խաղաղություն եք ուզում․․․», «Ժողովուրդը չի ուզում կռվել․․․», ի՞նչ եք ուզում մեր էս կառավարությունից։ Oragir.news-ի հետ զրույցում ԱՏՁՄ անվտանգության և ռազմաարդյունաբերական աշխատանքի համակարգող Արման Պողոսյանն այսպես արձագանքեց իշխանությունների՝ ռազմաարդյունաբերական պատվերներով իրենց դիմելու վերաբերյալ հարցին։

Իր խոսքով՝ անգամ պատերազմից հետո մեր երկրի իշխանությունները իրենց որևէ նախաձեռնությամբ չեն դիմել։ «Եթե դու չես ասում, թե ով է քո թշնամին և ում դեմ ես կանգնում՝ դու չես կարող հասկանալ, թե քեզ ինչ է պետք։ Նախ պետք է ասես, թե ով է թշնամիդ։ Եթե դու թշնամի չունես՝ դու չես կարող ասել, թե պետությունն ինչ խնդիր պետք է դնի զինագործի վրա։ Մեր ժողովուրդն ու մեր իշխանությունները պետք է թշնամուն ցույց տան․․․ ասեն՝ այ սա է մեր թշնամին։ Բայց հիմա էդտեղից չի սկսվում։ Հիմա սկսվում է նրանից, որ «մենք հարցերը լուծել ենք, գնում ենք խաղաղության, ոչինչ մեզ չի խանգարի գնալ այդ խաղաղությունը կնքելու գործընթացին»։ Այդ աբսուրդից պետք է դուրս գաս, որ զինագործի հետ կարողանաս խոսել։ Այլապես երբ դու ասում ես՝ ես չեմ կռվելու, նա էլ պատասխանում է՝ բա ինչի՞ եմ զենք սարքում քո համար»,- ասաց մասնագետը։

Արման Պողոսյանի խոսքով՝ Հայաստանում այսօր ռազմաարդյունաբերական որևէ համակարգ չի գործում։ «Այդ գոյություն չունեցող համակարգի միջոցո՛վ պետք է ստեղծվեր միջավայր, որպեսզի զինատեսակը, որի նմուշն արտադրվում է որպես խնդիր, որպես արտադրություն, մարտավարություն ու բանակավարություն, զինատեսակին կից զորատեսակի պատրաստություն ու կիրառում՝ ճիշտ դրվեն»,- ասաց նա։

Այս համատեքստում, ըստ մասնագետի, Հայաստանում առկա է ինժեներական լավագույն ռեսուրսը։ Նա համոզմունք է հայտնում, որ մասնագիտական այդ ներուժով մեր երկրում հնարավոր կլիներ ստեղծել վերջին սերնդի ամենալավ զենքերը։

«Որ ասենք՝ հայ ինժեները վատն է, չի կարողանում զենք ստեղծել՝ այդպես չէ։ Բայց այ այդ զենքն արտադրելու, դրա համար զորք սարքելու, սովորեցնելու գործընթացը պետք է զուգահեռաբար իրականացվի։ Միայն զինատեսակը ոչ մի բան է, զորատեսակ է պետք։ Զորատեսակը նույնպես գործառույթ չի կարող իրականացնել առանց զինատեսակի։ Այսինքն բոլորը պետք է գործակցեն, քանի որ հիմա համակարգային պատերազմներ վարողներն են հաղթում։ Այդ գործընթացում մենք անընդհատ հետ ընկած ենք»,- ասաց մասնագետը։ Ռազմաարդյունաբերության ոլորտում ամեն բան փոխկապակցված է,- շարունակում է Արման Պողոսյանը։

Ըստ նրա՝ գործում հաջողության հասնելու համար պետք է հիմնել միավորումներ ու ստորաբաժանումներ, որոնք կկարողանան կիրառել ստեղծած այդ զինատեսակը։ «Խոսքը վերաբերում է նոր տեխնոլոգիական խելացի զինատեսակներին, որոնց կիրառումը բավականին բարդ է։ Այս դեպքում ժամկետայինի վրա չես կարող «հենվել», իսկ պայմանագրային ծառայողներն այդպիսի զորատեսակներ դեռ չունեն։ Այդ դժվարություններն, ի դեպ, միայն Հայաստանին չեն վերաբերում։ Դրանք կան նաև աշխարհում։ Պետք է գործակցել այն ընկերությունների հետ, որոնք դա սարքում են։ Սկսել այդ զենքի արտադրություն, բացել համապատասխան ուսումնական հաստատություններ, որոնք կպատրաստեն այդ զենքը կիրառող հատուկ զորամիավորում»,- ասաց Արման Պողոսյանը։

Այդուհանդերձ, մասնագետի խոսքով, մինչև, այսպես կոչված, սերիական գործարան ստեղծելու գործընթացը պետք է սկսել ամենասկզբից։ Այս առումով, ըստ նրա, անելիք ունենք բոլորս։

«Իհարկե, կան ընկերություններ, որոնք շատ լավ ինքնաթիռներ են սարքել․․․ է հետո՞ ինչ, որ սարքել են։ Դրանք օգտագործվում են հատուկենտ ու մասնավոր ձևով, սակայն, մեծ ու մասսայական կիրառում դեռ չենք տեսել»,- ասաց նա։

Ըստ Արման Պողոսյանի՝ արտադրությանը զուգահեռ պակաս կարևոր չէ նաև զենքերի ներմուծումը՝ ապահովելու համար թշնամու զինատեսակի համեմատ պատրաստվածություն։ Այս առումով հատկանշական է Արցախյան վերջին պատերազմին հայկական բանակի պատրաստվածությունը։ «Թշնամին պատրաստվում է, դու ուսումնասիրում ես իր զենքերը, ուսումնասիրում ես՝ ինչ նոր մարտավարություն ունի։ Բայց դու պետք է աշխատես։ Եթե մենք խոսում ենք 44 օրվա մասին՝ այն մոբիլիզացիան, որ եղավ, այսինքն, ՄՈԲ-ը չկարողացավ համակարգված աշխատել՝ նրանից էր, որ անցած 30 տարվա մեջ մենք պահեստազորային ուժերի պատրաստությունը բաց ենք թողել, այն չէր կայացել»,- ասաց նա։

Ըստ ԱՏՁՄ ներկայացուցչի՝ այդ նույն ժամանակահատվածում մեր թշնամական երկրում փնտրում էին գործընկերներ ու պատրաստվում էին պատերազմի։