Վրաստանի վարչապետը գնահատել է երկրի տնտեսական աճի տեմպերը
copy image url

Վրաստանի վարչապետը գնահատել է երկրի տնտեսական աճի տեմպերը

Արտաքին 2 տարի առաջ - 19:34 30-09-2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր երկրի կառավարության նիստի ընթացքում գնահատել է Վրաստանի տնտեսական աճի տվյալները։ Ինչպես փոխանցում է «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ օգոստոսին երկրի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.5 տոկոսով, իսկ տնտեսության աճի միջին տեմպը 2022 թվականի ութ ամսում կազմել է 10.3 տոկոս։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ այսօր Եվրոպայում որոշ երկրների կառավարություններ մտածում են ոչ թե տնտեսության աճի և նոր աշխատատեղերի ստեղծման մասին, այլ այն մասին, թե ինչպես են ձմռանը տաքանալու։ Նրա խոսքով Եվրոպայում իրավիճակը ծանր է, քանի որ Ռուսաստանն այլևս գազ չի մատակարարում Եվրոպա, կամ եվրոպական երկրներն աստիճանաբար իրենք են հրաժարվում ռուսական գազից։

«Այս ֆոնին, նման իրավիճակում, այնպիսի արմատական իրավիճակում, որն առկա է Եվրոպայում, Ուկրաինայում, մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել խաղաղությունը, կայունությունը, մեր քաղաքացիների անվտանգությունը, այլ նաև ապահովել երկնիշ տնտեսական աճ։ Բացի այդ, ստեղծվեցին նոր աշխատատեղեր՝ գրեթե 60 հազար նոր աշխատատեղ ստեղծվեց բիզնեսի կողմից, 20 հազարից ավելին՝ մեր կողմից»,- հայտարարել է նա։

Վրաստանի կառավարության ղեկավարը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ստեղծված իրավիճակը զգուշություն է պահանջում։ Նրա խոսքով Վրաստանին անհրաժեշտ է առավելագույն համախմբում երկրի ներսում, հանգստություն, ավելի քիչ էմոցիաներ, կայունություն, բարձր տնտեսական աճ, ժողովրդի զարգացում և բարգավաճում։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ մի շարք եվրոպական երկրներ սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, Վրաստանի իշխանությունները հրաժարվեցին միանալ դրանց։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի