Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանատան դիմաց հակաիրանական ցույց է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են արտահայտել Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների դեմ։
Ցուցարարները հայտարարություն են տարածել, որը փոխանցվել է Իրանի դեսպանատան աշխատակիցներից մեկին։ Ուշագրավ է, որ ցուցարարները վանկարկել են «Ազատություն Հարավային Ադրբեջանին», «անիծվի՛ մոլլայի ռեժիմը», «անիծվի՛ բռնապետը» կարգախոսները։
Նշվում է, որ ոստիկանությունը հետ է մղել ցուցարարներին։ Նկատենք, որ այսպես կոչված Հարավային Ադրբեջանը ընդգրկում է Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային շրջանները, որոնց նկատմամբ ադրբեջանական կողմը ոչ պաշտոնական մակարդակում ունի հավակնություններ։