Ամենավատ բանը հիասթափությունն է․ Տիգրան Աթանեսյանը՝ Ալեքսանդր Ազարյանի հրաժարականի մասին
copy image url

Ամենավատ բանը հիասթափությունն է․ Տիգրան Աթանեսյանը՝ Ալեքսանդր Ազարյանի հրաժարականի մասին

Ներքին 2 տարի առաջ - 21:27 23-09-2022
«Դատավոր Ալեքսանդր Ազարյանը լավագույններից մեկն էր հանրապետությունում։ Սա մեծ կորուստ էր դատական ոլորտի համար»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 22-ին դատավորի հրաժարականի դիմումի համաձայն նրա լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցին։

«Շատ ցավում եմ նրա հրաժարականի դիմումի փաստի հետ կապված։ Արդարամիտ, պարկեշտ, չափազանց գրագետ մասնագետ է։ Վստահ եմ, որ մասնագիտական հանրությունը շատ տխրել է այն փաստի հետ կապված, որ դատավոր Ազարյանն այլևս չի պաշտոնավարելու»,- ասաց Ֆարմանյանը։

Ըստ փաստաբանի՝ դատավոր Ազարյանն այն մասնագետներից չէր, որ որևէ ճնշումից վախենար կամ ընկրկեր։

«Ինչպես գիտեք, վերջերս էլ ԲԴԽ-ում իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներն էլ դրական ելք ունեցան ու Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը»,- ասաց փաստաբանը։

Ըստ փաստաբան Երվանդ Վարոսյանի՝ Ալեքսանդր Ազարյանն այն դատավորն է, որի հետ կապված որևէ կարգապահական նկրտումներ չպետք է լինեին։

«Բայց ես նրա հրաժարականը որևէ կերպ չեմ կապում այդ կարգապահական վարույթի առկայության հետ, որովհետև իրեն որպես դատավոր ճանաչելով՝ կարող եմ փաստել, որ բացառված է, որ դա պատճառ հանդիսացած լինի։ Նա տարիներ շարունակ տարբեր իշխանությունների ժամանակ մշտապես եղել է այն դատավորը, որից պետք է օրինակ վերցնեին բոլորը»,- հավաստիացրեց Վարոսյանը։

Փաստաբանն անհավանական համարեց նաև տեղեկությունը, թե դատավորի հրաժարականը կարող է կապված լինել նրա առողջական խնդիրների հետ։

«Եթե Ալեքսանդր Ազարյանը տեսներ, որ իր աշխատանքն օգուտ է բերում իր հայրենիքին՝ առողջական կամ որևէ այլ խնդիր իրեն չէր կանգնեցնի։ Ես կուզենայի, որ լինեին ճնշումներ, որովհետև ճնշումների առկայության պարագայում Ալեքսանդր Ազարյանը երբեք այդ քայլին չէր գնա։ Նա թքած կունենար բոլոր ճնշումների վրա։ Ընդհանուր իրավիճակը, ցավոք սրտի, արդեն այնպիսին էր․․․ ու գալիս է մի պահ, երբ որ անձը, որ մարդկային ու մասնագիտական բարձր արժեքներ է կրում, իր համար գոնե պետք է հասկանալի ու տեսանելի լինի՝ ինքն ինչ է անում և ինչի համար է անում։ Սա շատ կարևոր է սկզբունքային անձի համար»,- ասաց Վարոսյանը։

Վարոսյանի տեսակետը կիսում է նաև Ազարյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Արդեն 4 տարուց ավելի է՝ ես Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի պաշտպանն եմ։ Ալեքսանդր Ազարյանը, լինելով իմ ընկերը, Համբարձումյան Դավիթին թողել է կալանքի տակ։ Ես, իհարկե, մինչև հիմա էլ համաձայն չեմ իր այդ որոշման հետ։ Հետո, իհարկե, Դավիթն ազատվեց, բայց ես սա որպես օրինակ եմ բերում՝ հասկանալու համար, թե ինչպիսի դատավոր էր Ալեքսանդր Ազարյանը»,- հիշում է նրա փաստաբանը։

Աթանեսյանը Oragir.news-ին նաև հայտնեց, որ ինքն դեռևս ավելի վաղ տեղյակ է եղել Ազարյանի՝ պաշտոնից հեռանալու որոշման մասին։ Իր խոսքով՝ որքան էլ այդ որոշումն իր համար հաճելի չէր, հրաժարականի լուրն ստանալուց անմիջապես հետո ինքը զանգահարել ու շնորհավորել է դատավորին։

«Ազատության հետ կապված (եմ շնորհավորել – խմբ․)։ Որովհետև եթե իր ապրած կյանքն ու որդեգրած գործելաձևը չի գնահատվում, ինքն իրավունք ունի նաև որոշակիորեն հանգիստ ապրելու։ Ամենավատ բանը հիասթափությունն է»,- եզրափակեց Աթանեսյանը։

Փաստաբանը հաստատեց նաև դատավորի առողջական խնդիրների առկայության փաստը, սակայն, հայտնեց, որ դա հեռանալու պատճառ չէր կարող դառնալ։

Ամենից շատ դիտված