Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Երևանում քննարկել են համատեղ մշակութային ծրագրերի իրականացման հնարավորությունները
copy image url

Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Երևանում քննարկել են համատեղ մշակութային ծրագրերի իրականացման հնարավորությունները

Ներքին 2 տարի առաջ - 19:22 19-09-2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին և ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ, ողջունելով պատվիրակության այցը ԿԳՄՍ նախարարություն, Վահրամ Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերին: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում 2022 թվականի հունիսի 10-13-ը Ռուսաստանում անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր:

Միջոցառումները կայացել են Մոսկվայում և Կիսլովոդսկում: Մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Կոմիտասի անվան ազգային քառյակը հանդես են եկել համերգներով: «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հոկտեմբերի 6-7-ը:

Կողմերն անդրադարձել են նաև կինոոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը: Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում, որը նախատեսվում է 2023 թվականին և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում, աջակցել ԽՍՀՄ տարիներին նկարահանված և ներկայում ՌԴ կինոֆիլմերի պետական ֆոնդի արխիվում պահվող հայկական ֆիլմերի թվայնացման կազմակերպման գործում: Առաջարկվել է նաև դիտարկել հոբելյանական միջոցառումների շրջանակում «Իլլուզիոն» կինոթատրոնում «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության ֆիլմերի համատեղ ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ձեզ գուցե հետաքրքրի