Ազգային ժողովի դահլիճի կիզակետում էինք ես և Գեղամ Մանուկյանը, որը ելույթ էր ունենում, իսկ ես ձայներ լսելով փորձեցի հասկանալ՝ ի՞նչ է կատարվում ներսում, քանի որ ՔՊ-ական պատգամավորները հարձակվել էին Գեղամ Մանուկյանի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ մեկնաբանելով ԱԺ նիստերի դահլիճի միջադեպը:
«Պարզվում է, որ պատճառը երեկվա իրադարձություններն են և ՔՊ-ական պատգամավորների զրույցներից պարզ դարձավ, որ երեկ մի շարք քաղաքացիներ գնացել են իրենց տներ, եղել են որոշակի գործողություններ: Ես ուզում եմ արձանագրել՝ դատապարտում եմ ցանկացած բռնություն, մեր խնդիրը ՔՊ-ական պատգամավորների ընտանիքների հետ չէ, մեզ համար սկզբունքային է ընտանիքներին չխառնելը քաղաքական գործընթացների մեջ, բայց ես շեշտում եմ՝ ՔՊ-ականները պետք է գիտակցեն իրավիճակը և դադարեն Նիկոլ Փաշինյանի գերին լիներ»,- ասաց Ագնեսա Խամոյանը:
Ագնեսա Խամոյանը նաև ներկայացրեց երեկվա իրավիճակը նշելով՝ որևէ մեկը բռնության կոչ չի արել:
«Երեկվա բողոքի ակցիան ինքնաբուխ է եղել, որևէ մեկը կազմակերպիչ չի եղել, որևէ մեկի կոչով չեն հավաքվել մարդիկ: Լսելով Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ մարդիկ ինքնաբուխ հավաքվել են Հանրապետության հրապարակում և ԱԺ մերձակայքում: Պահանջ է հնչել, որ ընդդիմադիր պատգամավորները գան ու սկսեն իմպիչմենթի գործընթաց: Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ գործընթացի մասին հենց մենք ենք հայտարարել: Պահանջել են, որ մենք գանք ԱԺ դահլիճ, ստորագրենք այդ ձևաթղթերը: Մենք եկել ենք, մեր ստորագրությունները դրել ենք, ընթերցվել է պատգամավորների ցուցակը հանրահավաքի ավարտին, երբ քիչ մարդ էր մնացել: Ասել ենք, որ սպասում ենք ՔՊ-ական այն 18 պատգամավորներին, որոնք ևս իրենց քայլը պետք է անեն եւ փոխեն Նիկոլ Փաշինյանին»,- նշեց նա: