Հայաստանի մի շարք բնակավայրերի ուղղությամբ թշնամու սանձազերծած ռազմական ագրեսիայից արդեն երկու օր է անցել, բայց դեռեւս ոչինչ հայտնի չէ զոհերի եւ վիրավորների մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան խորհրդարանում հայտարարեց, որ 49 զոհ ունենք, բայց այդ թիվը վերջնական չէ։
«Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, վերստուգվի, նոր հրապարակվի: Այս է պատճառը, որ նաեւ նախկին ցավալի փորձը հաշվի առնելով` մինչեւ վստահ չենք լինում զոհված զինվորի կամ սպայի զոհված լինելու վերաբերյալ որեւէ տվյալ չի հրապարակվում»,-հայտարարել է վարչապետը։
Ընդունենք, որ սա այն դեպքը չէ, երբ հայտնի no news is good news ասացվածքը ընդունելի է։ Պատկերացնո՞ւմ եք զինվոր ունեցող ընտանիքների վիճակը, ովքեր, լուր չունենալով իրենց որդուց, կամ անձամբ են ուղեւորում զորամաս՝ վտանգելով իրենց կյանքը, կամ փորձում են թշնամական լրատվամիջոցի տարածած տեսանյութերում փնտրել իրենց որդուն։
Մինչ հայկական կողմը լռում է, ոմանք իրենց զինվորներին արդեն գերիների մեջ են տեսել, ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվում են գերիների տեսանյութեր՝ հին, նոր, սարսափազդու, իսկ մեր իրավասու մարմինները դեռ զոհերի, վիրավորների թիվ, անուններ չեն հայտնել, անգամ գերիների առկայությունը չեն հաստատել։
Ցավալի է, բայց երբ պետությունը թերանում է իր գործառույթները իրականացնել՝ սկսած պաշտպանությունից, անվտանգությունից, դիվանագիտությունից մինչեւ տեղեկատվության ապահովում, բացը լցվում է մանիպուլյացիաներով, կեղծ տեղեկություններով, որը կյանքեր է արժենում։ Ասվածի վկայությունը տղամարդու դեպքն է, որը, իմանալով որդու զոհվելու լուրը, ինքնասպանություն է գործել, բայց հետո պարզվել է, որ որդին չի զոհվել․․․։
Նիկոլ Փաշինյանի կառավարության այս գործելաոճը նոր չէ. 44-օրյա պատերազմից արդեն երկու տարի է անցել, բայց զոհերի և վիրավորների անուն-ազգանուններով ցուցակները դեռևս հրապարակված չեն, ինչը նշանակում է, որ իշխանությունների հրապարակած կորուստենրի թվերն արժանահավատ չեն։