Ուկրաինան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջին զարգացումներին. Օլեգ Նիկոլենկո
copy image url

Ուկրաինան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջին զարգացումներին. Օլեգ Նիկոլենկո

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 19:24 13-09-2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիային՝ կոչ անելով կողմերին կարգավորել հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։

«Ուկրաինան ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակի զարգացմանը: Մենք կողմերին կոչ ենք անում հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորել՝ մասնավորապես պահպանելով միջազգային իրավունքի նորմերը և հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է նա։

Բացի դրանից՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը կոչ է անում ուկրաինացիներին առայժմ ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, իսկ նրանց, ովքեր արդեն գտնվում են տարածաշրջանում, խուսափել ռազմական ակտիվության վայրերից:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ, որի ընթացքում է որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի հաստատված 49 զոհ և վիրավորներ։