«Մենք հերթական անգամ ականատես ենք լինում պոպուլիզմի դրսևորման՝ առաջին հերթին ցանկանալով հանրությանը ցույց տալ, թե տեսեք՝ ինչ բովանդակային փոփոխություն է տեղի ունենալու բարձրագույն կրթական համակարգի մեջ, իբրև արդյունքում լինելու են շատ ուժեղ միջազգային չափանիշներին համապատասխանող բուհեր, և փաստորեն, չնշելով այդ ամեն ինչի մեխանիզմները, այսինքն՝ իրենք ոնց են պատկերացնում դրան հասնելու իրենց հայեցակարգը, կենտրոնանում են դրա ձևական դրսևորումների վրա, որ այդտեղ ակադեմիական քաղաք է լինելու, ակադեմիական միջավայր է լինելու, ապահովելու են վերջին ճիչի ենթակառուցվածքներով, ռեսուրսներով՝ առանց հստակ ասելու, թե իրենց այդ նախաձեռնության տակ ինչ հետազոտական հիմքեր կան, ինչ ուսումնասիրություններ կան, որովհետև բազմաթիվ հարցեր են այդտեղ ծագում։ Էլի արվել է ամբոխահաճ հայտարարություն»,- այս մասին
Oragir.news-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը։
Սողոմոնյանը մի քանի օրինակ բերեց Հայաստանի բոլոր բուհերի, այսպես ասած, վերացնելու մասով․ «Ինձ մոտ հարց է առաջանում՝ երբ որ մենք 8 հանրային բուհ ենք ստեղծում, և բոլորը տանում ենք Աշտարակ քաղաք, ի՞նչ է դրանից հետո տեղի ունենում մյուս մարզերում, որտեղ կան բարձրագույն ուսումանական հաստատություններ, օրինակ՝ Վանաձորի, Շիրակի, Գավառի, Գորիսի պետական համալսարանները, Կապանի պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղը և այդպես շարունակ։ Սա նշանակում է, որ մարզերում առանց այն էլ երիտասարդության հետ կապված ժողովրդագրական տխուր պատկերը ավելի է խորանալու, եթե այս ամեն ինչը կյանքի կոչվի»։
Նա համաձայն է Երևանը ինչ-որ չափով բեռնաթափելու մտքի հետ, սակայն Հայաստանում տարածքային համաչափ զարգացման կոմպոնենտներից մեկն էլ հանդիսանում է այն, որ Երևանում կենտրոնացած բուհերը կարելի է բեռնաթափել, հանել, բայց ըստ նրա՝ նորից դնել համակենտրոնացնել նշանակում է թուլացնել մարզերը։
«Այսինքն երիտասարդության որոշակի սերուցքին, ովքեր որ ամեն դեպքում կա՛մ չունեն իրենց տանից դուրս սովորելու հնարավորություն, կա՛մ պարզապես ուզում են իրենց ծննդավայրում մնալ և սովորել, փաստորեն կրթության պայմաններից զրկելու են այդ երիտասարդներին։ Սրանք կարևոր հանգամանքներ են, որոնք պետք է հաշվի առնել։ Երկրորդը՝ այսպիսի փոփոխություն կատարելուց առաջ պետք է բազմաթիվ հետազոտություններ կատարել, դրա տակ պետք է բոլոր բուհերի հնարավորությունների, ենթակառուցվածքային ռեսուրսային մարդկային կապիտալի, այսպես ասած, գույքագրում կատարվի, որպեսզի հասկանան ինչը միավորել և ինչը՝ ոչ։ Միավորելը զուտ խնդրի լուծում չէ։ Առանց խորքային հետազոտություններ իրականացնելու, այսպիսի կարևորագույն հարցում բերել այդպիսի մեկ հարվածով հարցերին փորձել լուծում տալը շատ ռիսկային եմ համարում»։
Սողոմոնյանը համոզված է, որ ոչ բոլոր հայ ընտանիքներն են պատրաստ իրենց երեխաներին ուղարկել կամպուսի պայմաններում սովորելու։
«Ի՞նչ է լինելու այն ուսանողների հետ, ովքեր կոմպուսի պայմաններում սովորելու համաձայնություն ծնողների կողմից չեն ունենալու։ Բազմաթիվ հարցեր կան, որոնց տրված չեն պատասխաններ, առաջին հերթին հիմնավորված չէ այս քայլն ու մոտեցումը, երբևէ չի եղել մանրակրկիտ ուսունասիրված հետազոտություն։ Մինչև վարչապետի մակարդակով այսպիսի հայտարարություններն անելը անհրաժեշտ է բազմաթիվ հարցերի պատասխան, պատասխաններն էլ ոչ թե ենթադրությամբ տալ, այլ իսկական հետազոտություններով տալ, որից հետո նոր հայտարարել դրա մասին»։
Ըստ Սողոմոնյանի՝ հնարավոր է, որ կառավարությունը նպատակ ունի բուհերի քանդելով կառուցեն իրենց ցանկացած բուհը․ «Հնարավոր է, որ ուզում են իրենց մարդկանցով, իրենց ուզած ռեկտորներով, ամեն ինչ քանդել և նորից հիմքից իրենց ուզած պատկերացումներով բուհ կառուցել, որպեսզի այդ բուհերի էլ դառնան էլի իրենց իշխանության հենարանը, դատելով բուհական ոլորտում այս 4-ից ավելի տարիների ընթացքում մինչ օրս իրականացրած նրանց գործունեությունից։ Չի բացառվում, որ իշխանականներն ունեն կոմերցիոն նպատակներ Երևանի կենտրոնում գտնվող բուհերի շենքերը տալ իրենց հարազատ, իրենց հետ փոխկապակցված բիզնեսոլորտի ներկայացուցիչներին, ովքեր որ կարող են այդ տարածքները օգտագործել բիզնես նպատակների համար»։
Անի Ներկարարյան