Պայթյունը բռնկվել է ապօրինի պահվող ռազմամթերքից․ Հունան Թադևոսյան
copy image url

Պայթյունը բռնկվել է ապօրինի պահվող ռազմամթերքից․ Հունան Թադևոսյան

Ներքին 2 տարի առաջ - 18:39 26-08-2022
«Հին շենք է, բայց բավականին շատ ընկերություններ այդտեղ վարձակալությամբ աշխատում էին։ Այդ տարածքում, որտեղ հրդեհ է բռնկվել, մի քանի արտադրամաս կար՝ եվրոպատուհանների, դռների, նաև հարևանությամբ փականագործ է աշխատել, իսկ ներքևում գտնվող տարածքը չոր, խոտածածկ տարածք էր, որտեղ էլ բռնկվել էր հրդեհը և առաջացրել պայթյուն»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ տարված քննությունից պարզվել է, որ ենթադրյալ 4 քաղաքացիները՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Դ.Մ-ն,1998թ. ծնված Հ.Ս.-ն,1955թ. ծնված Յու.Մ-ն և 1986թ. ծնված Լ.Ք.-ն, պայթյունի տարածքում ապօրինի ռազմամթերք են պահել, որից էլ առաջացել է այդ պայթյունը։

«Պատերազմից հետո նրանք այդտեղ են տեղափոխել վնասված և ոչ պիտանի տարբեր տրամաչափի ռազմամթերք, պահեստավորել են, որպեսզի այդ ջարդոնները, մետաղները հանձնեն։ Տվյալ տարածքում կար նաև մետաղների ընդունման կետ։ Նրանք հանում էին պայթուցիկ նյութը, հետո մետաղները հանձնում էին։ Այնպես է ստացվել, որ չեն հասցրել ամբողջը հանել, այդ տարածքում պահվել է նաև ապօրինի պահվող այլ ռազմամթերք, որից էլ առաջացել է այդ պայթյունը»։

Թադևոսյանը տեղեկացրեց, որ ներկայումս ենթադրյալ հանցագործները ձերբակալված են, մինչև կտարվի քննություն, գործը երկուշաբթի օրը կհանձնեն Քննչական կոմիտեին։

Հարցին, թե արդյո՞ք պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներ կան, Թադևոսյանն ասաց․ «Բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները շատ կազմակերպված աշխատել են, հրդեհը բավականին մեծ տարածք է զբաղեցրել, բայց կարողացել են ճիշտ կազմակերպել, քաղաքացիների մուտքն արգելված է եղել, լրատվամիջոցների մուտքը մասամբ, միայն մի պահ նկարահանել են, հետո ոստիկանները տարածքը սահմանազատել են, որպեսզի փրկարարներն աշխատեն»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված