Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են տարածում այն մասին, թե ինչպես է ադրբեջանական զորքը մտնում Բերձոր՝ Լաչին։
Արցախի Ներքին գործերի նախարարությունն այսօր իրազեկել էր, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը
կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։
Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ում
գրել է, որ Լաչինը Զաբուղ (Աղավնո) և Սուս գյուղերը իրենց մեր վերահսկողության տակ են:
1992թ. մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Լաչինի շրջանն ու Բերձորը: 1992 թվականի մայիսի 17-18-ին տեղի ունեցավ «Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» ռազմական գործողությունը։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները ձեռնարկեցին օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։ Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ առան Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։
Մայիսի 18-ին ԻՊՈւ կազմավորումները և կամավորական ջոկատները մտան Բերձոր (Լաչին), ապա դուրս եկան ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը»։ Մինչ Լաչինի շրջանի ազատագրումը և Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր դաժան տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը: Ռազմամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի նվազագույն քանակը ՀՀ-ից ԼՂՀ էր տեղափոխվում քաղաքացիական ավիացիայի ուժերով։