Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քարտեզ է հրապարակել, թե Հայաստանի որ մասերից զբոսաշրջիկների քանի տոկոսն է մուտք գործել Հայաստան։
Օրինակ՝ ըստ Քերոբյանի ինֆոգրաֆիկայի՝ 2019-ին Զվարթնոց օդանավակայանով Հայաստան է եկել զբոսաշրջիկների 51 տոկոսը, Գյումրու օդանավակայանով՝ 3 տոկոսը, Բավրայով՝ 10 տոկոսը, Գոգավանով՝ 2 տոկոսը, Այրումով՝ 1 տոկոսը, Բագրատաշենով՝ 30 տոկոսը, Մեղրիով՝ 5 տոկոսը։ Նույն ինֆոգրաֆիկայում ներկայացված են նաև 2020 թվականի տվյալները՝ Մեղրիով՝ Հայաստան եկած զբոսաշրջիկների 5 տոկոսը, Զվարթնոց օդանավակայանով՝ 65 տոկոսը, Գյումրիով՝ 1 տոկոսը, Բավրայով՝ 8 տոկոսը, Գոգավանով՝ 1, Այրումով՝ 1, Բագրատաշենով՝ 19։
2019-ին տարբեր մուտքերով Հայաստան մտած զբոսաշրջիկների տոկոսային թվերը եթե գումարենք իրար, կստացվի, որ Հայաստան է ժամանել 102 տոկոս զբոսաշրջիկ, իսկ 2020 թվականին՝ 99 տոկոս զբոսաշրջիկ, մինչդեռ Հայաստան մտած զբոսաշրջիկների ամբողջական թիվը 100 տոկոսն է։
Արդյունքում 2 տարբերակ կա․ կա՛մ Վահան Քերոբյանն ու իր թիմը մաթեմատիկայից գլուխ չեն անում, կա՛մ էլ որոշել են ազատվել «նախկինների մաթեմատիկայից» և իրենց համար նորը հորինել։