Արծվաշենի վերադարձի գործընթացը սկսելու համար կփորձենք քայլեր ձեռնարկել․ Կարեն Հեքիմյան
copy image url

Արծվաշենի վերադարձի գործընթացը սկսելու համար կփորձենք քայլեր ձեռնարկել․ Կարեն Հեքիմյան

Ներքին 2 տարի առաջ - 09:26 06-08-2022
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «30 տարի առաջ օկուպացվեց ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը: Թողնենք մի կողմ այն հանգամանքը, որ Արծվաշենը դավաճանաբար հանձնելու վերաբերյալ առկա են ողջամիտ կասկածներ: Դա կարևոր է, սակայն առաջնային չէ: Չի կարելի անվերջ հետ նայել: Արծվաշենը հանձնողներին պատժելու գործընթացը պետք է իրականացնել Արծվաշենը վերադարձնելու գործընթացի հետ զուգահեռ: Կարևորը՝ Արծվաշենը վերադարձնելու հստակ ծրագրի մշակումն ու իրագործումն է:

30 տարվա ընթացքում, հնարավորության սահմաններում, իրագործվել են Արծվաշենի «չմոռացման» համար գործողություններ, որոնք անհատական էին, համակարգված բնույթ չէին կրում: Այդօրինակ գործելակերպն իրեն սպառել է, քանզի այն նպատակները, որոնք դրված էին, անհատների կողմից իրականացվել են: Մասնավորապես՝ Արծվաշենի վերաբերյալ բոլորը տեղեկացված են, Արծվաշենը ընդգրկվել է ՀՀ գրեթե բոլոր պետական և հանրային նշանակության կազմակերպությունների կողմից ներկայացված քարտեզներում, Արծվաշենի խնդիրն ինչ-որ չափով ընդգրկվել է միջպետական բանակցություններում, Արծվաշենի խնդիրը հանրային գիտակցությունում տարակուսելի չէ:

Դա լավ է: Սակայն բավարար չէ Արծվաշենի վերադարձի գործընթացը սկսելու համար: Նման գործընթացը պահանջում է հստակ ծրագիր և համակարգված մոտեցումներ: Այս տարի կփորձենք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Շատ բան հենց մեզանից է կախված: Ինչքան շատ անձ ներգրավված լինի ծրագրերում, այդքան արագ դրանք կիրականանան: Եվ հակառակը՝ քիչ ներգրավվածության դեպքում, ծրագրի իրականացումը կդանդաղի:

Համենայնդեպս ես վստահ եմ, որ կհաջողենք»: