Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը չի հասցրել քննել «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը, ուստի այսօր՝ հուլիսի 27-ին, երեկոյան 21:00-ին, Չալաբյանը ազատ կարձակվի: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը:
«Կալանքի ժամկետը այսօր՝ 21:00-ին լրանում է, ու նոր որոշում չկա կալանքը երկարացնելու մասին, ուստի նա պետք է դուրս գա քրեակատարողական հիմնարկից», - հաղորդեց Չալաբյանի պաշտպանական խմբի անդամը:
Ուսանողներին քաղաքական ընդդիմության հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ավելի քան երկու ամիս առաջ ձերբակալված և կալանավորված Չալաբյանի գործով դատական նիստը սկսվել էր հուլիսի 26-ին, սակայն քանի որ, ըստ փաստաբան Վարազդատ Հարությունյանի՝ դատարանը անտեսել էր պաշտպանական խմբի՝ գործին առնչվող մի քանի կարևոր հարցերի հետ կապված միջնորդությունները, պաշտպանական խումբը բոյկոտել էր դատական նիստը և ցուցադրաբար լքել էր նիստերի դահլիճը, և դատավոր Մնացական Մարտիրոսյանը ստիպված է եղել հետաձգել նիստը:
Իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 27-ին, կալանավորված Ավետիք Չալաբյանի ինքնազգացողությունը վատացել էր, և բժիշկները թույլ չէին տվել նրան քրեակատարողական հիմնարկից մեկնել դատարան: Պաշտպանի խոսքով՝ Ավետիք Չալաբյանը տաքություն և զարկերակային բարձր ճնշում է ունեցել: Հետո, երբ պաշտպան Վարազդատ Հարությունյանը գնացել է կալանավայր Չալաբյանին տեսակցելու, պարզվել է, որ նա արդեն երկու-երեք օր է՝ ունի ճնշման խնդիր, բայց չի ասել, որպեսզի մասնակցի դատական նիստերին: Սակայն այսօր, երբ նաև իր մարմնի ջերմությունն է բարձրացել, բժիշկները կտրականապես արգելել են նրան լքել քրեակատարողական հիմնարկը, և դատավորը ստիպված է եղել կրկին հետաձգել դատական նիստը: Դատական հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 29-ին: