2016 և 2020 թթ. պատերազմին մասնակցած գործազուրկ անձանց զբաղվածության ծրագրի ապահովման համար հատկացվեց 136 600 000 դրամ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:13 21-07-2022
Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը:

Աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Նարեկ Մկրտչյանն աասաց, որ նախագծով առաջարկվում է աջակցել գործազուրկին՝ ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով։

«Ծրագրի իրականացման պարտադիր պայման է առաջարկվում թափուր աշխատատեղի աշխատատեղի առկայությունը և ծրագրի ավարտից հետո ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանցով այդ աշխատատեղը համալրելը։ Թափուր աշխատատեղի ներկայացման հետ միաժամանակ գործատուն ներկայացնում է այդ աշխատեղը համալրելու համար պահանջվող մասնագիտական հմտությունները։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնն այդ պահանջների հիման վրա կազմում է համապատասխան ցուցակ։

Ցուցակում ընդգրկված անձանցից գործատուն ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին և առաջարկում իրականացնել շահառուի մասնագիտական ուսուցում մինչև 5 ամիս տևողությամբ կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող շահառուի համար իր մոտ կազմակերպել մասնագիտական աշխատանքային փորձառություն 3 ամիս տևողությամբ կամ կնքել աշխատանքային պայմանագիր՝ ստանալով միանվագ փոխհատուցում։ Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին առաջարկվում է վճարել՝ ուսման վարձի փոխհատուցում ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամի չափով, կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով»:

Ըստ Մկրտչյանի՝ ծրագիրը նախատեսում է աջակցության 3 ուղղություն։ Մասնագիտական ուսուցման ուղղությամբ 1 ծրագրի արժեքը կազմում է 1 020 000 դրամ, աշխատանքային փորձի ձեռքբերման համար՝ 729 000 դրամ և աշխատանքի տեղավորման դեպքում՝ 300 000 դրամ։ Հետևաբար 1 ծրագրի միջին արժեքը կկազմի 683 000 դրամ, իսկ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից պահանջվող գումարի չափը՝ 136600 000 դրամ:


Մանրամասն՝ տեսանյութում։