Ռուսաստանի հետախուզական ծառայության ղեկավարն ու ադրբեջանցի նրա գործընկերը երեկ Բաքվում ստորագրել են հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։ Նպատակը երկու պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանությունն է։ Այս մասին երեկ Ադրբեջանի մայրաքաղաքում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
«Այսօր հանդիպումներ կայացան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության մեր գործընկերների հետ՝ Օրհան Սուլթանովի գլխավորությամբ։ Նախագահի հետ հանդիպմանը ընդհանուր և բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, բովանդակությանը, բնույթին։ Ընդգծվել է համագործակցության ռազմավարական բնույթը և զարգացման լավ հեռանկարները։ Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության գործընկերների հետ, իհարկե, քննարկել ենք մեր խորը, մանրամասն փոխգործակցության հարցերի լայն շրջանակ՝ ուղղված Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերին»,- հայտարարել է Նարիշկինը։