Եվրոպական միջազգային ոստիկանական գործակալությունը (Եվրապոլ) հանցավոր ցանց է բացահայտել, որը զբաղվել է Մերձավոր Արևելքից բելառուսական տարածքով միգրանտների գաղտնի տեղափոխմամբ եվրոպական երկրներ։ Գործով ձերբակալվել է 11 մարդ, որոնք ապրել են Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Լեհաստանում։ Եվրապոլի տվյալներով՝ նրանց հաջողվել է ապօրինի կերպով Եվրամիություն մտցնել 622 մարդու, որոնցից յուրաքանչյուրը «ծառայությունների» համար վճարել է 10.000-ից 13.000 եվրո։
Հետաքննության տվյալներով՝ միգրանտների մեծ մասը եղել են Իրաքից։ Թուրքիան նրանց ճանապարհին առաջին տարանցիկ կետն է եղել։ Այնտեղից նրանք զբոսաշրջիկների անվան տակ ինքնաթիռով թռել են Մոսկվա։ Մոսկվայից նրանց հասցրել են Մինսկ կամ Գրոդնո, իսկ հետո Լեհաստանի կամ Լիտվայի միջոցով՝ Գերմանիա։ Գործակալությունն ընդգծում է, որ միգրանտների տեղափոխումը հաճախ իրականացվել է առողջության և կյանքի համար վտանգավոր պայմաններում։
Հետաքննությունը համատեղ վարել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Լիտվայի և Էստոնիայի ոստիկանները։ Նրանց հաջողվել է միգրանտների ապօրինի տեղափոխման 99 դրվագ հաստատել։ Դրանցից խմբի եկամուտը կարող է կազմել մոտ յոթ միլիոն եվրո։