Ստամբուլից Սեուլ թռչող Korean Air կորեական ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Բաքվում շարժիչներից մեկի խափանումից հետո, հաղորդել է Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Ստամբուլ-Սեուլ չվերթն իրականացնող ավիաընկերության Airbus A330-ը արտակարգ վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում՝ շարժիչներից մեկի խափանման պատճառով: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել 22:25-ին (Մոսկվայի ժամանակով՝ 21:25-ին), միջադեպի հետևանքով տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դրանում նշվում է, որ օդանավակայանում հայտարարված ահազանգի կապակցությամբ պատրաստականության վիճակի են բերվել վթարա-փրկարարական բոլոր ծառայությունները։
«Այս պահին կատարվում է օդանավի զննում, և կազմակերպվում է անհրաժեշտ միջոցառումների համալիր՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու ուղղությամբ»,- հավելել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։